ԱԺ-ը քննարկում է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը. սխալ վիճակագրության համար պատասխանատվություն կսահմանվի (ուղիղ)

11:16 • 28.02.18

ԱԺ-ը քննարկում է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման դեպքում «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ներառելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այլև ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին, ինչը հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության (պերցեպցիայի) աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները:

ԱՎԾ-ի կառավարման կազմակերպական կառուցվածքում ներառվել են Վիճակագրական կոմիտեն, Պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները, Պետական խորհուրդը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, թե օրենքի հիմնական մտահոգությունը կեղծ կամ ոչ հավաստի տվյալների հրապարակման համար պատասխանատվության ինստիտուտն է, և ԱՎԾ խորհրդի նախագահ Ստեփան Մնացականյանից հետաքրքրվեց, թե նախագծում կա արդյոք պատասխանատվության հարցը:

Բացի դրանից, ըստ նրա՝ որոշ հրապարակումներ հավաստի չեն թվում, ինչը պատճառաբանվում է փոխված մեթոդաբանությամբ, ինչպես, օրինակ, կարտոֆիլի բերքը եղել է 750 000 տոննա, հացահատիկի բերքը 640 000 տոննա, և երբ անկում է լինում, ասում են՝ մեթոդաբանություն է փոխվել:

«Մենք օրենքի բաց ունե՞նք, որ վիճակագրությունը հավաստի լինի»,- ասաց նա:

Ստեփան Մնացականյանը հաստատեց, թե նախատեսվում է տվյալ նախագծով պատասխանատվություն՝ վիճակագրության բոլոր դրույթների ստանձնման ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու համար:

Ինչ վերաբերում է հստակեցումներին, ապա Մնացականյանը նշեց, թե, միանշանակ, նման օրենքի կարիք կա, որովհետև գյուղատնտեսությունը գործունեության տեսակ է, մինչդեռ իրենք գյուղմթերքների վիճակագրություն են անում, ինչը տարբեր է: