Սիրիայում կանանցից հումանիտար օգնության դիմաց սեռական բնույթի ծառայություններ են պահանջում. BBC

14:01 • 28.02.18

Սիրիայում ՄԱԿ-ի և միջազգային բարեգործական կազմակերպությունների տղամարդ աշխատակիցները պահանջում են կանանցից սեռական բնույթի ծառայություններ մատուցել իրենց՝ սննդամթերքի և այլ հումանիտար օգնության դիմաց: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Ինչպես գործակալությանը հաղորդել են հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները՝ մի շարք սիրիացի կանայք հրաժարվում են դիմել օգնության համար՝ վախենալով սեռական շահագործումից:

Գործակալության տվյալների համաձայն՝ հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ կարծում են, որ «սննդամթերքի դիմաց կանայք պետք է առաջարկեն իրենց մարմինները»:

Նշվում է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA)՝ վերջերս հրապարակած «Ձայներ Սիրիայից-2018» զեկույցը հաստատում է սիրիացի կանանց բողոքների մասին տեղեկությունը:

Փաստաթղթի հեղինակների համաձայն՝ ամենախոցելին այն կանայք ու աղջիկներն են, որոնք «պաշտպան տղամարդիկ» չունեն: Սակայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչն ասել է, որ ինքը տեղեկություն չունի իր գործակալության հետ համագործակցող երկու հասարակական կազմակերպությունների կողմից չարաշահումների մասին:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում էլ նշել են, որ իրենք գիտեն Սիրիայում կանանց բողոքների մասին, սակայն միջոցներ ձեռնարկելու համար բավականաչափ տեղեկություններ չունեն: