Խորհուրդ եք տալիս գազի անցնել, երբ Ձեր պաշտոնյաների կանայք աղբը բենզինով աշխատող ծառայողական մեքենաներով են թափում. Ս. Բագրատյանը՝ վարչապետին

17:47 • 28.02.18

ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետին հարց ուղղեց, թե ինչպես է գնահատում ծախսերի օպտիմալացման ծրագիրը:

Միաժամանակ Բագրատյանը հիշեցրեց, որ 2017թ.-ին ծրագրի շրջանակներում Կառավարության թվով 915 միավոր տրանսպորտային միջոցներից կրճատվեց ընդամենը 27 տրանսպորտային միջոց, որը 2%-ն էլ չի կազմում:

«Ինչքանո՞վ եք ճիշտ համարում մեր այս դժվարին ժամանակներում, երբ Դուք հասարակությանը կոչ եք անում գոտիները ձգել և խորհուրդ եք տալիս բենզինի փոխարեն սեղմված գազի անցնել, կառավարության պաշտոնյաները շարունակում են բենզինով շքեղ մեքենաներով երեխաներին տանել դպրոց։ Ցանկացած դպրոցի բակում առավոտյան կարող եք պաշտոնյաների մեքենաների շքերթ տեսնել։ Պաշտոնյաների կանայք իրենց տան աղբն այդ ծառայողական մեքենաներով են տանում աղբանոց, և այդ բոլորը հասարակության աչքի առաջ, երբ մենք 45 հազար դոլար չենք կարողանում հայթայթել վիրավոր զինվորին արտերկրում բուժելու համար»,-ասաց նա:

Հարցին պատասխանելու համար ԱԺ ամբիոնին մոտեցավ ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանը, ում ուղղված էր հարցը, այլ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարի խոսքով՝ օպտիմալացումներն ինքնանպատակ չեն լինում, և իրենք ասել են, թե ամեն մեքենա ինչ նպատակի համար է ծառայում և ինչ ավելացրած արժեք է ստեղծում:

Բենզինից գազին անցնելու առաջարկի շուրջ, Արամյանի խոսքով, պետք է վերլուծություն անեն: Ըստ նրա, իհարկե գազի համար անհրաժեշտ ներդրումը, որ կատարեն, փոխհատուցվում է գազի էժան արժեքով: «Աշխատանք կկատարենք և կքննարկենք»,-ասաց նա:

Կառավարության մի շարք անդամների կողմից հնչեց գնահատական, թե Բագրատյանի էմոցիաները շատ են:

Բագրատյանը խորհուրդ տվեց որ նման կոչեր չանել՝ էմոցիոնա՞լ է, թե ոչ:

«Դուք էլ ձեր ոճի մեջ սառնասիրտ եք՝ չշփվելով ժողովրդի հետ»,-ասաց նա և կոչ արեց Կառավարությանն անպայման անցնել գազով մեքենաների շահագործման:

«Եթե չեք անում, ուրեմն իրավունք չունեք այդ առաջարկը տալ քաղաքացուն, մանավանդ եթե հայտարարում եք՝ արդյունավետ է և անվտանգ»,-ասաց նա:

Արամյանն արձագանքեց, թե իրենք էլ են ժողովրդի հետ շփվում. «Մեկ անգամ չէ, որ ասում ենք հարկատուների գումարները պետք է ծախսեն արդյունավետ»։