Ամերիկյան կինոակադեմիայի անդամները քվեարկել են «Օսկար» մրցանակի դափնեկիրների օգտին
Ամերիկյան կինոակադեմիայի անդամներն ավարտել են հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի հաղթողներին որոշող քվեարկությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կինոարվեստի և գիտության ակադեմիայի հոբելյանական 90-րդ մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 4-ին Լոս Անջելեսում Dolby Theatre կինոթատրոնում, հաղորդավարը երկրորդ տարին անընդմեջ կլինի Ջիմի Քիմելը:
Քվեարկությունը սկսվել էր փետրվարի 20-ին: Շաբաթվա ընթացքում կինոակադեմիայի անդամները կարող էին իրենց ձայնը տալ թեկնածուների օգտին:
Նշվում է, որ 2018 թվականին կինոակադեմիկոսները վերջին անգամ են քվեարկել թղթով, հաջորդ տարվանից սկսած կինոակադեմիայի անդամները միայն առցանց են քվեարկելու:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին հավակնում է 9 ֆիլմ՝ «Հեռու» (Get Out), «Լեդի Բերդ» (Lady Bird), «Ուրվական թել» (Phantom Thread), «Մութ ժամանակներ» (Darkest Hour), «Ջրի ձևը» (The Shape of Water), «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri), «Կոչիր ինձ քո անունով» (Call Me by Your Name), «Դյունկերկ» (Dunkirk) և «Գաղտնի թղթապանակ» (The Post) ֆիլմերը:










