Պետպաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ կտրվի, եթե պետական համակարգում չաշխատեն, որ համակարգը չդառնա ծերանոց. քննարկում ԱԺ-ում (ուղիղ)
ԱԺ-ում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի նպատակն է «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ չաշխատելու պայմանով կենսաթոշակի իրավունքի իրացման վերաբերյալ դրույթների հստակեցումն է:
«Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային ծառայության պաշտոն»,-նշեց հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Նախագծով հավասար պայմաններ կստեղծվեն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց համար՝ միաժամանակ բացառելով կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացում հնարավոր ռիսկերի առաջացումը:
Հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, թե երբ իրենք ասում են «հատուկ կենսաթոշակ», նկատի ունեն հետևյալ պայմանը, որ այն քաղաքացիները ովքեր իրավունքներից ելնելով աշխատել են և հասել են կենսաթոշակի տարիքի, նրանք ստանում են բարձր կենսաթոշակ:
«Հարց՝ սա խտրականությո՞ւն է, թե ոչ: Կարծում եմ՝ սա պետական սոցիալական քաղաքականություն է: Նախկինում մենք իրենց կենսաթոշակ չէինք տալիս, թեև ձեռք բերած իրավունքն է կենսաթոշակը, ինչն անվիճարկելի է: Հիմա սովորական կենսաթոշակ ստացողին վճարում ենք բարձր, բայց մի պայմանով, որ պետական համակարգում չպետք է աշխատեք: Ինչո՞ւ որովհետև պետական համակարգը կդառնա ծերանոց, և շատ մարդիկ այդտեղից դուրս չեն գա»,-ասաց նա:
Պատգամավորները նման իրավունքի սահմանմանը դեմ էին: «Նման պայմանը իրավունքի ոտնահարման հարց է: Այդ իրավունքին հայեցողաբար չպետք է մոտենալ»,-հայտարարեց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը:










