Լեհաստանում ցրտահարությունից մեկ օրում 5 մարդ է մահացել

14:48 • 28.02.18

Երեկ Լեհաստանում ցրտահարությունից 5 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով անվտանգության կառավարական կենտրոնին:

Լեհաստանում արդեն մի շաբաթ ուժեղ սառնամանիք է. վերջին մի քանի օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը գիշերը հասնում է -20 աստիճանի, իսկ ցերեկը՝ -10 աստիճանի:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ սառնամանիքը կնահանջի հանգստյան օրերին:

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Լեհաստանի օդերևութաբանության և ջրային տնտեսության ինստիտուտը վտանգի առաջին մակարդակ է հայտարարել ամբողջ երկրի տարածքում: Ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին անտարբեր չմնալ և հայտնել տարեց մարդկանց, անօթևանների, ինչպես նաև հարբած վիճակում գտնվող մարդկանց՝ փողոցում երկար մնալու մասին: