Երուսաղեմի Սբ Հարության տաճարը եռօրյա բողոքի ակցիայից հետո վերաբացվել է, հարյուրավոր ուխտավորներ շտապել են եկեղեցի (լուսանկարներ)

09:40 • 28.02.18

Երուսաղեմի խոշորագույն քրիստոնեական եկեղեցիները փետրվարի 28-ի առավոտյան վերաբացել են Սուրբ Հարության տաճարի դռները՝ վերջ դնելով եռօրյա բողոքի ակցիային, որն ուղղված էր քաղաքապետարանի՝ եկեղեցիներից ու վանքերից հարկեր գանձելու որոշման դեմ: Քաղաքապետարանի հաշվարկների համաձայն՝ եկեղեցիները քաղաքային բյուջեին պարտք են ավելի քան 186 մլն դոլար:

Ինչպես հաղորդում է ria.ru-ն, եկեղեցականները կրկին ուխտավորների համար հասանելի են դարձրել Հիսուսի խաչելության, գերեզմանոցի ու հարության սրբավայրերը, քանի որ Երուսաղեմի իշխանությունները հարկերի սահմանման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամություն են հայտնել:

Նշվում է, որ տաճարի վերաբացումից հետո հարյուրավոր ուխտավորներ եկել են եկեղեցի: Նրանցից շատերն աղոթում են ծնկի իջած ու արտասվելով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սուրբ Հարության տաճարի փակված դռները բացել են Հայ առաքելական, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները, որոնք իշխանությունների որոշման դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչներն էին:

Եկեղեցական առաջնորդները տարածած հայտարարությունում շնորհակալություն են հայտնել երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին՝ խնդրի վերաբերյալ «կառուցողական միջամտության» համար՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել փոխզիջման տարբերակ գտնելու ուղղությամբ աշխատող միջկառավարական աշխատանքային խմբի հետ:

Բացի այդ, Իսրայելը համաձայնել է զիջման գնալ եկեղեցիների հետ ևս մի վիճահարույց հարցում՝ սառեցնելով հողերի օտարման մասին օրինագիծը: