ՌԴ փոխարտգործնախարարը կոչ է արել «աշխարհաքաղաքական խաղեր» թույլ չտալ ԱՊՀ երկրների միջև
Ղազախստանը և Ռուսաստանը կարող են հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղերին, որոնց արդյունքը բոլորի համար բացասական է լինելու: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը և Ղազախստանը կարող են շատ բան անել՝ թույլ չտալու համար մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղերի դրսևորումները, ինչպիսին մենք տեսնում ենք հետխորհրդային այլ տարածքներում, էլ չասած՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում»,- ասել է Կարասինը՝ ելույթ ունենալով Աստանայում «Ղազախստան-Ռուսաստան. ապագային ուղղված համագործակցություն» միջազգային համաժողովին:
Նրա խոսքով՝ փորձագետները նշում են երրորդ երկրների փորձերը՝ «ձևավորել մեզ մոտ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության մասնակիցների միջև տարաձայնությունների և մրցակցության վտանգավոր գործոններ»:
«Օգտագործվում է հակառուսական պատժամիջոցների սպառնալիքը, որով սկսում են սպառնալ բոլորին, ով շարունակում է հավատարիմ մնալ ՌԴ-ի հետ գործընկերությանը և դաշնակցությանը»,- ասել է Կարասինը՝ հավելելով, որ դրան հարկավոր է հակակշռել «առողջ դատողության, պրագմատիզիմի և փոխադարձ շահի վրա հիմնված հարաբերությունների խորացման տրամաբանությունը»:










