Թուրքական 3 նախարարություն բողոք է հղել Չեխիային

10:24 • 28.02.18

Թուրքիայի արդարադատության, արտաքին և ներքին գործերի նախարարություններն իրենց բողոքն են հղել Չեխիային՝ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների քաղաքական թևի՝ PYD-ի ղեկավար Սալիհ Մուսլիմի ազատ արձակման մասին որոշման հետ կապված, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը, Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան հետ չի կանգնի իր պահանջներից և մինչև վերջ կշարունակի հետևել գործի ընթացքին:

«Մենք կատարել էինք անհրաժեշտ ընթացակարգերն ու հղել Սալիհ Մուսլիմի արտահանձնման վերաբերյալ պահանջը: Սակայն դատարանն այսպիսի որոշում կայացրեց: Մենք չենք հրաժարվելու այս գործից: Որ երկիր ուզում է գնա՝ հանգիստ չենք թողնի», - ասել է թուրք նախարարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Չեխիան հնարավորինս շուտ կարտահանձնի PYD ղեկավարին: Վերջինս Թուրքիայում մեղադրվում է մի շարք ահաբեկչական ակտերի ծրագրավորման և կազմակերպման համար: