Թաիլանդում ձերբակալված ռուս սկանդալային մոդելն ԱՄՆ-ից քաղաքական ապաստան է խնդրել՝ ՌԴ-ի հետ Թրամփի կապերի մասին «գաղտնիքներ» խոստանալով

16:12 • 28.02.18

Թաիլանդում ձերբակալված ռուս սկանդալային մոդելը և նրա «ղեկավարը» դիմել են ԱՄՆ-ին՝ քաղաքական ապաստան ստանալու հարցով, հայտնում է meduza.io-ն:


Թաիլանդում սեքս-թրեյնինգ անցկացնելու համար ձերբակալված Ալեքս Լեսլին (Ալեքսանդր Կիրիլով) նամակ է գրել ԱՄՆ դեսպանատանը՝ խնդրելով քաղաքական ապաստան տրամադրել իրենց:


«Թաիլանդում մեզ ձերբակալել է ոստիկանությունը, և այժմ նրանք ցանկանում են մեզ արտաքսել հետ՝ Ռուսաստան: Մենք խնդրում ենք ձեզ մեզ քաղաքական ապաստան տրամադրել և պաշտպանել մեզ հնարավորինս շուտ, քանի որ մենք ԱՄՆ-ի համար շատ կարևոր տեղեկություն ունենք, և մենք շատ մեծ վտանգի ենք ենթարկում մեր կյանքը»,- ասված է նամակում:


Ապաստան տրամադրելու խնդրանքով ԱՄՆ հյուպատոսությանը դիմելու փաստը հաստատել է նաև Թաիլանդում Լեսլիի հետ ձերբակալված Նաստյա Ռիբկայի (Անաստասիա Վաշուկևիչ) ներկայացուցիչը:


Նաստյա Ռիբկան ավելի վաղ Instagram-ի իր էջում դիմել էր «ամերիկյան մամուլին»՝ առաջարկելով պատմել ԱՄՆ ընտրությունների հետ կապված ռուս պատգամավորների կապերի մասին տվյալներ: Ռիբկան նաև հայտնել է, որ ԱՄՆ-ին խնդրում է իրեն և Թաիլանդում մյուս ձերբակալվածներին ապաստան տրամադրել:


Փետրվարի սկզբին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հետաքննություն է հրապարակել այն մասին, որ ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկան Նորվեգիայում հանգստացել է զբոսանավի վրա ռուս փոխվարչապետ Սերգեյ Պրիխոձկոյի հետ: Հետաքննությունը հիմնված է եղել Դերիպասկայի հետ զբոսանավի վրա եղած Նաստյա Ռիբկայի Instagram-ի էջի հրապարակումների վրա: Օլեգ Դերիպասկան ավելի ուշ դատի է տվել Նաստյա Ռիբկային և նրա ղեկավար Ալեքս Լեսլիին՝ նրանց մեղադրելով իր անձնական կյանքի տեղեկությունները բացահայտելու համար:


Փետրվարի 26-ին Նաստյա Ռիբկան, Ալեքս Լեսլին և ևս ութ մարդ ձերբակալվել են Թաիլանդում անօրինական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեղադրանքով: Նաստյա Ռիբկան հայտարարել է, որ Թաիլանդում ձերբակալությունը կապում է Նավալնիի հետաքննության հետ: