Հայ գործարարը ձեռք է բերել բելառուսական «Կրումկաչի» ֆուտբոլային ակումբը

22:06 • 28.02.18

Հայազգի 26-ամյա գործարար Վահե Մարտիրոսյանը ձեռք է բերել Բելառուսի բարձրագույն խմբում հանդես եկող «Կրումկաչի» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Այս մասին հայտնում է Euroradio-ն՝ նշելով, որ Մինսկը ներկայացնող ակումբը վերջերս լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ էր կանգնել:

Մարտիրոսյանը նշել է, որ ակումբի մասին տեղեկացել է ակումբի ղեկավար Դենիս Շունտոյի հետ ծանոթանալուց հետո: «Դենիս Պետրովիչը հակիրճ ներկայացրել է իրավիճակն ու ակումբի ֆինանսական խնդիրները: Որոշ ժամանակ անց բիզնես-պլան եմ կազմել հատուկ ակումբի համար, և վերջերս փաստաթղթերը ձևակերպվել են: Ես համահիմնադիր եմ: Ինձ է պատկանում ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը»,-  ասել է հայազգի գործարարը:

Իր առաջնային խնդիրը գործարարն անվանել է ակումբը բարձրագույն խմբում պահելը և առաջնությունում միջին դիրք զբաղեցնելը: Նրա խոսքով՝ 2018 թվականին ակումբը կունենա 600 000 դոլարի բյուջե: