ԱԺ-ն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին. «Ելքը» վերահաշվարկ պահանջեց

13:02 • 28.02.18

 

Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների ընտրություններն ԱԺ-ն ամփոփեց:

ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների կողմից առաջադրված  Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներն էլ ընտրվեցին սահմանված պաշտոնների համար:

Թեկնածուները շնորհակալություն հայտնեցին առաջադրման և բարձր վստահության համար՝ խոստանալով արդարացնել սպասելիքները:

Նրանք ԱԺ ամբիոնից երդվեցին. «Ստանձնելով ԲԴԽ բարձր պաշտոնը` ՀՀ ժողովրդի առաջ երդվում եմ իմ պարտավորությունները կատարել ՀՀ Սահմանադրության ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների ու դատավորների անկախությունը»:

Նշենք, որ ընտրություններին մասնակցել են 105 պատգամավորներից 98-ը:  Գագիկ Հարությունյանը (պաշտոնավարման հնգամյա ժամկետ) ընտրվել էր 2 դեմ, 96 կողմ,  Գևորգ Դանիելյանը (պաշտոնավարման հնգամյա ժամկետ), մեկ անվավեր, 90 կողմ , 7 դեմ քվեարկությամբ: Երրորդ պաշտոնում առաջադրվել է Լիպարիտ Մելիքջանյանի (պաշտոնավարման հնգամյա ժամկետ)՝ մեկ անվավեր, 82 կողմ, 15 դեմ:  Հայկ Հովհաննիսյանը (պաշտոնավարման եռամյա ժամկետ)՝ 1 անվավեր, 86 կողմ և 11 դեմ, Սերգեյ Մեղրյանը (պաշտոնավարման եռամյա ժամկետ)՝ 87 կողմ, 10 դեմ: 

Երդման արարողությունից հետո վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե իրենց խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել թեկնածուներին: Փաշինյանը նման պատկերը որակեց «մանր ժուլիկություն՝ ներքաղաքական հեռու գնացող նպատակներ ունենալու համար՝ ԱԺ մեծամասնության կողմից՝ ուղղված Ելք դաշինքի դեմ»: 

Վարման կարգով խոսեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, ով նշեց, թե հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են բոլոր գործընթացներին և միաձայն ստորագրել են արձանագրությունը:

«Հաշվել ենք քվեաթերթիկները մեկ առ մեկ, անհիմն հայտարարությունների կարիք չեմ տեսնում»,- ասաց նա:

Վարման կարգով խոսեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով նշեց, թե  հաշվիչ հանձնախմբի անդամ է, բայց չի կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերթիկները չեն փոխարինվել կողմ քվեաթերթիկներով:

«Մենք էլ կարող ենք ասել, որ ձեր ասածները ենթադրություններ են, մենք լուրջ մարդիկ ենք` ԱԺ պատգամավորներ ենք, կա արձանագրություն, որը ստորագրվել է բոլորի կողմից»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ելքից» պահանջեցին վերահաշվարկ, ինչին համաձայնեցին «ՀՀԿ» և «Ծառուկյան» խմբակցությունները ևս: