Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն այս պահին Թուրքիայի համար կարևորներից չէ. Բագրատ Էստուկյան
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն այս պահին Թուրքիայի համար կարևորներից չէ:
Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ստամբուլում հրապարակվող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ խոսելով վերջերս Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրմի հայտարարության մասին, թե Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի:
Բագրատ Էստուկյանը մատնանշեց՝ Թուրքիայի վարչապետը պարզապես Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառման էր մասնակցում և պետք է ինչ-որ բան ասեր:
Հիմա Թուրքիան, ըստ նրա, առավել շատ հետաքրքրված է Աֆրինի գործողություններով:
«Թուրքիան մեծ զորքով հարձակվեց Աֆրինի վրա, և դեռ չեն հասել սահմանին: Քառասուներորդ օրն արդեն անցավ, Աֆրինում դեռ այդ վիճակն է, չնայած որ մտադրվել էին երեք օրում հասնել Աֆրին,- ասաց նա՝ նշելով, որ այս ամենից հետևում է, որ հիմա Թուրքիայի համար այլ խնդիրներ լուծելու ժամանակ չէ,- եթե Սիրիայում պարտություն լինի, ինչի հավանականությունը կա, և ինչը կազդի Թուրքիայի հասարակության վրա, հնարավոր է՝ այլ խնդիրների վրա հասարակության ուշադրությունը սևեռվի: Այդ ուրիշ խնդիրներից կարող է լինել նաև ղարաբաղյան հիմնահարցը»:
Բագրատ Էստուկյանը նկատեց, որ Ադրբեջանը միշտ էլ փորձում է Թուրքիայի սանձերն իր ձեռքում պահել. իբրև թե մեծ, հարուստ երկիր է: Նշեց, որ Ադրբեջանը հաջողել է թուրքական ներդրումներ ներգրավելու:
«Հստակ է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան և թե՛ Հայաստանը ռազմատենչ քարոզչությունից օգուտներ են քաղում նախ իրենց հասարակության ներսում: Բայց թե որքանով ռազմական գործում հաջողության կհասնեն, շատ վիճելի է: Սիրիայում տեղի ունեցող գործողություններն էլ դրա ապացույցն են»,- ասաց նա՝ օրինակ բերելով նաև Ապրիլյան պատերազմը, երբ Ադրբեջանը հետ շպրտվեց:
Հիմա Ադրբեջանը բոլոր առիթներն օգտագործում է՝ հայկական կողմին իր սպառնալիքներն ուղղելու համար: Թուրքիան, ըստ նրա, այս հարցում աջակցում է Ադրբեջանին:
«Թուրքիայի պատմական ռազմավարությունը Հայաստանն անգո դարձնելն է: Թուրքիան և Ադրբեջանը դա ցանկանում են, բայց կհաջողվի արդյոք դա անել, արդեն հարց է, որովհետև համաշխարհային դրվածքի մեջ Թուրքիան այսօր հետզհետե մեկուսանում է, այլևս աշխարհը նրա քաղաքականությունը վտանգավոր է համարում: Իհարկե, ամբողջ սրտով կուզի Ադրբեջանին օգնել, որովհետև իրենց մոտ էլ Հայաստանն անգո դարձնելու ցանկությունը պատմական արմատներ ունի, բայց կկարողանա, թե ոչ, վիճելի հարց է»,- ասաց նա:
Անդրադառնալով Թուրքիայի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդ լինելու ցանկությանը, Բագրատ Էստուկյանը նկատեց՝ այն չհիմնավորված է:
«Այդ ցանկությունն իրական հիմք չունի, և Թուրքիան այդ խնդրի մեջ կողմ է: Հետևաբար չի կարող միջնորդ լինել այդ գործընթացում: Անգամ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիայից զինվորականներ են մասնակցել»,- ասաց նա:










