Ազատության հրապարակում ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքին հաջորդեց երթը (թարմացված, լուսանկարներ)
19.56
Մյասնիկյանի արձանի մոտ ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան ավանդական երթը, որը մեկնարկել էր Ազատության հրապարակից։
19.45
Վարդգես Գասպարին պառկած է Մյասնիկյանի արձանի մոտ՝ 10 զոհերի լուսանկարները կրծքին
Հայտնի ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը մշտապես ի նշան բողոքի պառկում է, այսօր՝ մարտիմեկյան տասը զոհերի հիշատակի հարգելու համար սիմվոլիկ վայր դարձած Մյասնիկյանի արձանի մոտ նույնպես պառկել է: Նրա կրծքին դրված է տասը զոհերի լուսանկարներով պաստառը։
Հիշեցնենք, որ 2008-ի այս օրը հենց այդ տեղանքի մերձակայքում՝ Երևանի կենտրոնում՝ Զաքյան,Լեոյի, Պարոնյան փողցներում զոհվեցին պաշտոնական տվյալներով`10 քաղաքացիներ:
Արդեն իսկ հուշարձանի մոտ բազմաթիվ ծաղիկներ են դրված. մարդիկ մոտենում են, ծաղիկներ դնում, խաչակնքվում:

19.30
Մարտի 1-ի էջը չի փակվել, ինչպես յոթ տարի առաջ հայտարարեց իշխող ՀՀԿ-ն. Նիկոլ Փաշինյան
Մարտի 1-ի էջը չի փակվել, ինչպես յոթ տարի առաջ հայտարարեց իշխող ՀՀԿ-ն:
Այս մասին այսօր Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան մարտիմեկյան երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Յոթ տարի առաջ Շարմազանովը հայտարարեց, որ Մարտի 1-ի էջը փակված է, դրանից հետո մեր ամբողջ գործունեությունն ուղղված է եղել դրան, որպեսզի ցույց տանք, որ Մարտի 1-ի էջի փակված չէ, և Մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներին ՀՀԿ-ի ներկայացուցիչների ելույթները եկան ապացուցելու, որ նույնիսկ իրենք հերքում են նախկինում իրենց կողմից առաջադրված թեզը, թե Մարտի 1-ի էջը փակված է: Մարտի 1-ի էջը փակված չէ, չպիտի փակվի, այնքան ժամանակ մինչև սպանությունները չբացահայտվեն տեղի ունեցածը չբացահայտվի: Շատ կարևոր է հասկանալ թե ինչ է տեղի ունեցել, այսինքն` մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, բայց կարևոր է, որ տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տրվի»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե խորհրդարանական լսումները, ցույցները իսկապես իշխանությանը կաշկանդո՞ւմ են, Փաշինյանն ասաց, որ առնվազն Մարտի 1-ի թեմայով տեղի ունեցող իրադարձությունները իշխանությանը թույլ չեն տալիս իրականացնել իրենց գլխավոր խնդիրը, փակել Մարտի 1-ի էջն այնպես, ինչպես իրենք են փորձում փակել.«Էլի եմ ասում, յոթ տարի առաջ նրանք հայտարարում էին Մարտի 1–ի էջը փակված լինելու մասին և մենք այսօր կարող ենք արձանագրել, որ այդ էջը փակված չէ»:
նչ վերաբերում է այն տեսակետին, որ 2008-ին ընդդիմությունն էլ որոշակի սխալներ է թույլ տվել, Նիկոլ Փաշինյանն որպես այդ իրադարձությունների ակտիվ մասնակից, տեսնո՞ւմ է այդ սխալները, Փաշինյանն ասաց, որ եթե անգամ հետիոտնը ճիշտ ճանապարհով անցնի, իսկ արագ ընթացող մեքենան նրան վրաերթի ենթարկի, միևնույն է, ասողներ կլինեն, որ հետիոտնը սխալ էր, կարող էր ավելի ուշադիր լինել:
«Եթե ասեք, որ կար ռեալ շանս իշխանությունը փոխելու և այդ շանսը չիրացվեց, այդտեղ գուցե մտածելու բան կա»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե «Ելք»-ի նախաձեռնությունը Մարտի 1-ի թեմայով ԱԺ-ի օրակարգում է արդեն, ի՞նչ են ակնկալում, Փաշինյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ՀՀԿ-ն ինչո՞ւ է կողմ քվեարկել.«Մեզ համար այդ որոշումն այդքան էլ հասկանալի չէ, և պետք է հասկանալ, թե դրանով ինչ խնդիր են ուզում լուծել դրանով, բայց հարցն օրակարգում է և պետք է ԱԺ-ում քննարկվի»:
19.24
Ազատության հրապարակում հանրահավաքին հաջորդեց երթը, որի մասնակիցները շարժվում են դեպի Մյասնիկյանի արձանի տարածք` «Պատժել Մարտի 1-ի ոճրագործներին» պաստառով:
Երթի ամբողջ երկայնքով քաղաքացիներին ուղեկցում են ոստիկանության ծառայողները, որոնց ձեռքերին ծաղիկներ կան:
Երթի մասնակիցները շարժվում են հետևյալ երթուղով Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց -Մյասնիկյանի արձան և կրկին Ազատության հրապարակ:




19.10
Մարտի 1-ին մի խումբ մարդկանց կողմից կատարվել է պետության առևանգում. Լևոն Զուրաբյան
Հրեշավոր ոճրագործության տասներորդ տարին է լրացել․ «Մարտի 1-ի» տարելիցին նվիրված հանրահավաքին այսպես ասաց ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ կեղծարարության ավանդույթներն ամրապնդվել են Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել են մի միջավայր, որի նպատակն է մեր հիշողությունից հանել «Մարտի 1»-ը։
«Դուք բոլորդ, որ այստեղ հավաքված եք, գիտեք, թե ինչ է եղել մարտի մեկին, ինչն էր այդ իրադարձությունների իմաստը, և մենք այս առիթը ցանկանում ենք օգտագործել նաև դրա համար, նոր սերունդների համար, այն մարդկանց համար, ում գիտակցությունը լվացվում է իշխանական պրոպագանդայի կողմից, ցանկանում ենք թարմացնել նրանց հիշողությունը»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ իրենք 2008–ի փետրվարի 20-ից նստած էին Ազատության հրապարակում մի նպատակով՝ թույլ չտալ իշխանության բռնությունները սահմանադրական դատարանի նկատմամբ, որը որոշել էր կանգնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին:
«Այն ժամանակ իշխանությունը հասկացավ, որ քաղաքական պայքարում նա պարտվել է, և իշխանությունը պահելու այլ միջոց չի մնում, քան խաղաղ ցուցարարների գնդակահարումը, բռնի ուժով ցրումը»,- ասաց նա՝ նշելով, որ «Մարտի 1-ը» իշխանության յուրացման բռնի գործողություն է:
«Մարտի 1-ը», ըստ նրա, անհատական ողբերգություն չէ, դա ողբերգություն է ամբողջ ազգի համար: «Մարտի 1-ին կատարվել է պետության առևանգում մի խումբ մարդկանց կողմից, մի պետություն, որը սահմանադրությամբ և ժողովրդավարության կանոններով, պետք է պատկաներ ժողովրդին, այդ դաժան սպանություններով առևանգեցին ժողովրդից»,- ասաց նա՝ կոչ անելով պետությունը վերադարձնել ժողովրդին:
18.52
Մարտի 1–ից հետո Հայաստանը հետ ընկավ` դառնալով երկրագնդի հետամնաց երկրներից մեկը․ Արամ Մանուկյան
Աչք թարթելու նման անցան տասը տարիները, երբ հայաստանյան իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդին․ «Մարտի 1-ի» տարելիցին նվիրված հանրահավաքի մեկնարկին այսպես ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Գնդակահարեցին առնվազն տասը քաղաքացու, և մեր երկիրը ինչպես հոկտեմբերի 27-ին հետ ընկավ մի անորոշ, երկար ժամանակահատված, այնպես էլ մարտի 1-ին՝ հետ ընկավ երկրագնդի հետամնաց երկրների շարքը: Հայաստանն այլևս ժողովրդավար չէր: Այդ օրն այստեղ գնդակահարվեց ժողովրդավարությունը, այդ օրն այստեղ գնդակահարվեց շարժումը, այն շարժումը, որը ստեղծվեց այս հրապարակում՝ երեսուն տարի առաջ»,- ասաց նա:
Նա նշեց, որ տասը տարիները ոչինչ չեն տվել՝ ի հեճուկս խոստումների և խաբեության, որ ներկայացրել են միջազգային կառույցներին ու իրենց ժողովրդին: Արամ Մանուկյանի խոսքով՝ հերթով եկող դատախազներն ու նախարարները խոստումներ են տվել, որ սայլը տեղից կշարժվի, բացահայտումներ կլինեն:
«Պարզ է, որ չէր լինելու, և տրամաբանական է` չէր էլ լինելու․իրենք իրենց չեն դատելու, իրենք իրենց «գալավարեզներին», մարդասպաններին, ոհմակի անդամներին չեն տա»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը նշեց, որ սուգը հավերժ կլինի, եթե պայքար չլինի, եթե աշխատանք չտարվի միջազգային հարթակներում, հասարակության շրջանում: «Եթե հասարակությունը հոգնեց, ծնողները մենակ կմնան։ Մենք բոլորս բարոյական պարտք ունենք այս դատը հետապնդելու, մեր ժողովրդին, մեր սերունդներին ասելու, որ հասել ենք այս բանին, որ հանցագործները, որոնք մարդկանց գնդակահարել են, որոնց անունները հայտնի են, որոնք Երևանի փողոցներով քայլում են, որոնք վայելում են, նրանք դեռևս ազատության մեջ են: Ուրիշը չի անելու: Մենք ենք դա անելու մեր միասնական կամքով»,- ասաց նա:
Արամ Մանուկյանն իր ելույթում նաև հիշատակեց «Մարտի 1-ի» զոհերի անունները՝ նշելով, որ պետք է հիշենք, որ նրանք զոհվել են Հայաստանի ազատության համար:



18.02
Այսօր լրանում է 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տասնամյա տարելիցը, և Ազատության հրապարակում կմեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի ավանդական հանրահավաքը:
Հիշեցնենք, որ 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում գնդակահարվեցին ու հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին ՀՀ տասը քաղաքացիներ՝ ինչպես հանրահավաքների մասնակիցներից, այնպես էլ ոստիկանությունից:
Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող):
Շուրջ 300 մարդիկ մարմնական,հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ:
Նշենք, որ 10 տարի առաջ հանրահավաքներին մասնակցող քաղաքական ուժերը, որոնք այս իրադարձությունների անմիջական մասնակիցներն էին՝ հանրահավաքների կազմակերպիչները, այսօր, ինչպես հայտարարել էին ավելի վաղ, առանձին-առանձին լինելու են Ազատության հրապարակում և Մյասնիկյանի արձանի մոտ:










