ԱՄՆ-ում առաջարկել են մահապատժի չենթարկել իր հանցագործության մասին մոռացած մարդասպանին
ԱՄՆ Գերագույն դատարանին առաջարկել են չեղարկել ոստիկանին կրակելով սպանած տղամարդու մահապատիժը, քանի որ նա մոռացել է՝ ինչպես է հանցագործություն գործել: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալաբամա նահանգի բնակիչ Վերնոն Մեդիսոնին պետք է հունվարին մահացու ներարկում արվեր, սակայն նրա փաստաբանը Գերագույն դատարան է դիմել՝ խնդրելով չեղարկել մահապատիժը, քանի որ նա «չի հիշում, թե ինչպես է հանցագործություն գործել»:
Փաստաբանի խոսքով՝ Մեդիսոնը մի քանի կաթված է ունեցել, ինչի հետևանքով կուրացել է, կորցրել տեղաշարժվելու ունակությունն ու սկսել տառապել թուլամտությունից՝ մոռանալով որոշ փաստեր իր կենսագրությունից:
Գերագույն դատարանը համաձայնել է, որ անգործունակ դատապարտյալին կյանքից զրկելը դաժան է, և որոշել վերանայել գործը:










