Կալիֆորնիայի սենատում քննարկվելու է Թուրքիայում ներդրումներից հրաժարվելու հարցը

13:03 • 01.03.18

Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը պետք է օրենքներ ընդունի նահանգի մոտ 40 միլիոն բնակչի համար, սակայն նրա ձգտումները շատ ավելի մեծ են: Աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկը հանդիսացող Կալիֆորնիայի օրենսդիրները պարբերաբար անդրադառնում են միջազգային մակարդակի հարցերի, գրում է The Sacramento Bee-ն:


Հայաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններն անվերջ թեմա են: Կալիֆորնիայում է բնակվում Հայաստանից դուրս հայերի ամենամեծ համայնքը, հարյուր հազարավոր հայեր բնակվում են միայն Լոս Անջելեսի շրջանում:


Անցած տարի օրենսդիր մարմինն անգամ օրենք է ընդունել, որով նախատեսվում է արգելել Կալիֆորնիայի պետաշխատողների կենսաթոշակային հիմնադրամներին ներդրումներ անել Թուրքիայի կառավարության կողմից իրականացվող ծրագրերում:


Ներդրումներից հրաժարվելու ջանքերն ավելի շատ հաջողություն են ունեցել հենց Կալիֆորնիայի համալսարանում, որը, տեղեկությունների համաձայն, ավելի քան 70 միլիոն դոլար ունի թուրքական պարտատոմսերում և ներդրումներում: Համալսարանի գրեթե բոլոր մասնաճյուղերում ակտիվիստները կոչ են արել ուսանողական խորհուրդներին բանաձևեր ընդունել՝ ստիպելու համար համալսարանին հրաժարվել ներդրումներից:


Լրատվամիջոցը գրում է, որ Կալիֆորնիայի սենատում լսումներ են նախատեսվում այդ արշավի վերաբերյալ: Դրանց ներկա են լինելու շարժման ուսանող հիմնադիրները: Կալիֆորնիայի համալսարանի ներդրումների հարցերով փոխնախագահը նույնպես պետք է մասնակցի քննարկմանը, թե ինչու է Կալիֆորնիայի համալսարանը շարունակում կատարել Թուրքիայի նկատմամբ ստանձնած իր ֆինանսական պարտավորությունները:


Լսումները նախագահելու է Լա Կանյադա Ֆլինթրիջ քաղաքից դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոն, որը ներկայացնում է ամերիկահայ բնակչությանը: Նա հայտարարել է, որ Կալիֆորնիան պետք է Թուրքիային վերաբերի նույն կերպ, ինչպես Իրանին, որտեղ ներդրումներից նահանգը հրաժարվել է 1 տասնամյակ առաջ: