Արամ Ա կաթողիկոսը պատրաստվում է կոչ հղել համայն հայությանը՝ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիրի վերակառուցման համար
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անմիջական հանձնարարությամբ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիր է այցելել Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, այս մասին գրում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասար»-ը:
Արքեպիսկոպոսն ու նրան ուղեկցող խումբը տեղում ծանոթացել են հուշահամալիրի ներկա վիճակին, սիրիական հակամարտության ընթացքում կրած վնասներին՝ քննարկելու համար համալիրի վերականգնման հեռանկարները:
Աղբյուրը հայտնում է, որ Արամ Ա կաթողիկոսը պատրաստվում է հատուկ կոչ հղել համայն հայությանը՝ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիրի վերակառուցման աշխատանքների համար միջոցների հավաքագրման նպատակով:
Հուշահամալիրի կառուցման աշխատանքներն սկսվել են 1989 թվականի դեկտեմբերին և ավարտվել 1990 թվականի նոյեմբերին, օծվել է 1991 թվականի մայիսի 4-ին Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ (Քեսաբցի) կաթողիկոսի կողմից։ Հուշահամալիրը բաղկացած է եկեղեցուց, թանգարանից, հուշարձանից, արխիվային կենտրոնից և ցուցադրությունների սրահից:
2014 թվականին հուշահամալիրը պայթեցվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:














