«Մարտի 1-ի սպանություններ. բռնակալությանը չենք ներելու». «Երկիր Ծիրանին» բողոքի ակցիա իրականացրեց ԱԱԾ շենքի մոտ

11:26 • 01.03.18

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները, կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին։   

Նրանք իրենց հետ պաստառներ էին բերել՝ «Մարտի 1-ի սպանություններ. բռնակալությանը չենք ներելու», «Դժոխքի երաժշտության Հայաստանում» և այլ գրություններով։   

Զարուհի Փոստանջյանը նշեց, թե Ազգային անվտանգության ծառայությունը նույնպես մեղավոր է 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների համար։ «Երկիր Ծիրանիի» նախագահը նշեց, որ այլ ելք չկա՝ մարտին, ապրիլին լինելու են փողոցներում: Իր ելույթը Զարուհի Փոստանջյանն ավարտեց «ա-մոթ, ա-մոթ» վանկարկումներով, որին միացան նաև ներկաները:  

Տեղում ոչ մեծաթիվ ոստիկանական ուժերը «Երկիր Ծիրանիի» անդամներին հորդորում էին ԱԱԾ շենքի դիմացի մայթին հավաքվել: 

Այնուհետև «Երկիր Ծիրանիի» անդամները երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին:

Երթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր երկիրը, իշխանությունը «բոլշևիկների» ձեռքին է. «Հետևաբար, բոլորս պետք է դուրս գանք փողոցներ, հեղեղենք փողոցները մարտ-ապրիլ ամիսներին, վերջ տանք այս «բոլշևիզմին» և հիմնադրենք նոր, այնպիսի հանրապետություն, որտեղ մարդիկ կկարողանան ազատ օգտվել իրենց իրավունքներից, ազատորեն կարող են հետ վերադառնալ իրենց հայրենիք՝ չվախենալով, որ իրեն կկեղեքեն և կկողոպտեն»։

Ելույթից հետո Զարուհի Փոստանջյանը կոչ արեց քաղաքացիներին գնալ դեպի մեծ համահայկական ընդվզման, այնուհետ ԵԾԿ-ի համակիրները սկսեցին վանկարկել՝ «Ընդվզում»: