Ըստ երևույթին՝ մեր քվեաթերթիկները գողացել են. Արարատ Միրզոյանը՝ «Ելք»-ի՝ Գագիկ Հարությունյանին կողմ քվեարկելու մասին (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը գիտի, թե ինչն է Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները, ինչպես ինքը որակեց, կեղծելու նպատակը: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, թե այս հարցում իր կարծիքը միանշանակ է՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները կեղծելու նպատակը «Ելք» խմբակցության պատգամավորների միջև սեպ խրելը, միմյանց միջև կասկածներ և անհամաձայնություն առաջացնելն էր: Նրա գնահատմամբ՝ ընտրություններին նման իրավիճակ ստեղծելու նպատակը քաղաքական թեժ օրակարգից առաջ «Ելք»-ի նկատմամբ անվստահություն սերմանել էր:
«Ուզում են «Ելք»-ի նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում: Բայց, պետք է արձանագրել, որ իրենց այդ նպատակը չիրականացավ, և իրենց քաղաքական պատմության մեջ արձանագրվեց ևս մեկ խուժանություն: Ըստ երևույթին՝ մեր քվեաթերթիկները գողացել են: Ընտրակեղծիքը ո՞նց է լինում, այն հին ընտրակեղծիքները, որ կաշառքով չէին, քվեատուփեր էին գողանում: Մեր՝ դեմ քվեարկած քվեաթերթիկների փոխարեն հայտնվել են կողմ քվեարկած քվեաթերթիկներ»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը տեսականորեն չէր կարող հետևել ձայների հաշվարկի գործընթացին, քանի որ ամեն բան արվում էր փակ դռների հետևում:
«Եթե համապետական ընտրությունների ժամանակ արկղը դրվում է սեղանին, և քվեաթերթիկները հատիկ-հատիկ դուրս են բերվում, այստեղ՝ փակ դռների հետևում վերցնում են արկղը, բոլոր թղթերը շուռ են տալիս սեղանին: Հետո ամեն մեկը սկսում է իր դիմացից քջջել-քաշել ինչ-որ քվեաթերթիկներ: Լենա Նազարյանը չի կարող ասել՝ հետևում եմ բոլորիդ, դուք աշխատանքն արեք: Բոլորն էլ հավասար հանձնաժողովի անդամ են, նաև անմեղության կանխավարկած կա: Լենա Նազարյանն իր բաժին գործն է անում և չի կարող և՛ քվեաթերթիկներ հավաքել, սորտավորել, և՛ հետևել, թե մնացած բոլոր անդամներն ինչ են անում: Ի վերջո, Լենա Նազարյանը երևի չի էլ պատկերացրել, որ ԱԺ-ի ընտրատեղամասը մեթոդիկայի առումով Հեռվաշեն գյուղի ընտրատեղամասին կարող է նմանվել»,- ընդգծեց պատգամավորը:
Արարատ Միրզոյանը նկատեց, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, անկախ իրենց՝ դեմ ձայներից, միևնույն է, ընտրվելու էր: Նրա գնահատմամբ՝ իշխանությունը պարզապես ջուրը պղտորելու փորձ արեց:
«Ռուսերեն մի լավ արտահայտություն կա՝ «воду мутить», հայերենում առանց փափուկ նշանի են ասում՝ մուտիտ: Սա իսկապես ջուր պղտորելու նպատակ ուներ՝ մեր միջև, միմյանց նկատմամբ կասկածներ առաջացնելու և «Ելք»-ի նկատմամբ հասարակության մեջ անվստահության սերմեր գցելու: Երկուսն էլ չեն ստացվել»,- շարունակեց Արարատ Միրզոյանը:
Սակայն ընդդիմադիր պատգամավորն ընտրակեղծիքների մեջ «Ծառուկյան» դաշինքի անդամներին չմեղադրեց՝ պարզաբանելով, որ միշտ կա «անմեղության կանխավարկած» ասվածը:
«Պետք է լինի հետաքննություն, որը կպարզի, թե ով է արել: Ես, չունենալով փաստեր, չեմ կարող անձնավորված ասել»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:










