Լոս Անջելեսում ոստիկանները գնդակահարել են 22-ամյա հայ երիտասարդի

09:44 • 01.03.18

Լոս Անջելեսի ոստիկանությունը Պանորամա Սիթի շրջանի փողոցներից մեկում գնդակահարել է հայ Օրբել Նազարյանսին, որն ինքնասպանության հակումներ է ունեցել:

Ինչպես հայտնում է dailynews.com կայքը՝ Լոս Անջելեսի ոստիկանության ղեկավար Չառլի Բեքին հղումով, 22-ամյա երիտասարդը սպանվելու օրը՝ առավոտյան, զանգահարել է 911 ծառայություն՝ հայտնելով, որ զինված է ատրճանակով ու դանակով և մտադիր է ինքնասպանություն գործել:

Այնուհետև ոստիկանները դեպքի վայր են ժամանել, որտեղ Նազարյանսը դիմադրություն է ցույց տվել:

Բեքը մանրամասնել է, որ դա Նազարյանսի ու իրավապահների առաջին հանդիպումը չէր: Նրանք անունով ճանաչում էին երիտասարդին ու գիտեին, որ նա հոգեկան խնդիրներ ունի:

«Նրանք փորձել են հանգստացնել նրան. երիտասարդը զինված էր 50 սմ երկարությամբ մետաղյա ձողով»,-պատմել է Բեքը:

Ոստիկանապետի խոսքով՝ իրավապահները սպանել են Նազարյանսին, քանի որ նա փորձում էր հարձակվել օրենքի ներկայացուցիչների վրա՝ վտանգ ստեղծելով նրանց կյանքի համար:

Հայտնի է, որ ոստիկանները ձայնագրել են կատարվածը: