Ունենք նախագահի թեկնածու, ով հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից. Նիկոլ Փաշինյան
Երբ պարզ է դարձել, որ Դուք նախագահի թեկնածու եք առաջադրվում ՀՀԿ-ի կողմից, այդ պահից սկսած ՀՀ-ում Ձեր նկատմամբ տիրապետող վերաբերմունքը եղել է հարգանքը, այդ թվում՝ նաև ընդդիմության կողմից, բայց թույլ տվեք ասել, որ Դուք այսօր և այս ընթացքում, կատարյալ անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերում հայ հասարակության նկատմամբ. ՀՀ նախագահի թեկնածուի ընտրության քննարկմանն ասաց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա բացատրեց, թե ըստ ՀՀ Սահմանադրության՝ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել այն անձը, ով վերջին վեց տարում ՀՀ քաղաքացիություն է ունեցել:
Ի դեպ, նա մեջբերեց, թե ՀՀԿ-ական Աշոտյանն ասում էր՝ ինչու դա ամենակարևոր հա՞րցն է: «Պարո՛ն Աշոտյան, այդ, որ Հռոմից և այլ մեջբերումներ եք անում, ցույց եք տալիս, որ կարդացել եք, Ձեր երկրի Սահմանադրությունը չե՞ք կարդացել, թե՞ սահմանադրականությունը ձեր կուսակցության համար որևէ նշանակություն չունի»,-ասաց նա և նշեց, թե «Иван Васильевич меняет профессию» ֆիլն էլ չի տեսել, երբ հայտարարում են, թե «царь не настоящий»:
Փաշինյանը նշեց, որ մամուլում տասնյակ հրապարակումներ կան, և արդեն լեգիտիմության խնդիր է առաջանում: «Պարզ գործողություն չի արվում, կարող էր տեղեկանք բերվել Բրիտանիայի իշխանություններից, որ այսինչ օրը դիմել է քաղաքացիությունից հրաժարվելու համար, բավարարվել է, և այսինչ օրվանից Արմեն Սարգսյանը չի համարվում Բրիտանիայի քաղաքացի»:
Ըստ նրա, չի արվում, ուրեմն նման փաստաթուղթ գոյություն չունի, հատկապես, որ նա թագավորական շրջանակների հետ մտերմություն ունի:
«Փաստաթուղթ չկա, ինչը մեզ հերթական անգամ գցում է դեժավյուի մեջ, որ հերթական անգամ մեր նախագահը не настоящий»,-ասաց նա:
Փաշինյանը շարունակեց. «Պարո՛ն Սարգսյան, նշում եք, որ 2002 թ. ստացել եք Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Այն ժամանակ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար պետք էր հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, Սահմանադրությունը երկքաղաքացիություն թույլ չէր տալիս: Այսինքն՝ ունենք նախագահի թեկնածու, ով հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ իրենց նկատմամբ էլ են մշտապես սպառնալիքներ եղել, սակայն իրենք չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:
«Դուք այսօր ՀՀ իշխող մաֆիայի, իշխող կլանի անդամ եք ընտրվում: Լավ, այս երկրի վրա անե՞ծք է դրված: Այս երկիրը, ի վերջո, օրինական նախագահ չի՞ ունենալու»,-հարցրեց Փաշինյանը:










