Արևելյան Ղուտայում ահաբեկիչները խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան են օգտագործում. ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ

12:24 • 01.03.18

Արևելյան Ղուտայում գործող ահաբեկչական խմբավորումների զինյալները ռազմական գործողությունների ընթացքում որպես կենդանի վահան են օգտագործում խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին, գրում է սիրիական SANA գործակալությունը:

Սիրիական կողմի պնդմամբ՝ Սիրիայում մեկամսյա զինադադարի մասին որոշմանը վերաբերող փաստաթղթում ՄԱԿ-ին չի հաջողվել լիովին պահպանել միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները՝ որոշ դեպքերում կողմնակալություն դրսևորելով:

Սիրիան, մասնավորապես, դժգոհ է, որ Արևելյան Ղուտայի մասին ձևակերպման մեջ օգտագործվել է «շրջափակման մեջ գտնվող շրջաններ» ձևակերպումը, մինչդեռ ՄԱԿ-ը շարունակում է գիտակցաբար անտեսել այն փաստը, որ այդ շրջանների բնակիչները գտնվում են «ահաբեկչական կառույցների շրջափակման մեջ»:

Դիվանագետը նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ մեկամսյա զինադադարի մասին որոշումն ուղղված է ոչ թե տեղի բնակչության պաշտպանությանը, այլ սիրիական բանակի՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում առաջխաղացումը կասեցնելուն: