Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն կնկարահանվեն Տարանտինոյի նոր ֆիլմում

12:36 • 01.03.18

Հոլիվուդյան գերաստղեր Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն կհամագործակցեն ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմի շրջանակում, հայտնում է variety.com-ը՝ մանրամասնելով, որ ֆիլմը կոչվելու է «Մի անգամ Հոլիվուդում»:

Տարանտինոյի նոր ֆիլմում դեպքերը տեղի են ունենալու 1969թ. Լոս Անջելեսում ու ներկայացնելու են 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկի՝ Չարլզ Մենսոնի հետևորդների կողմից իրագործված սպանությունները:

Նշվում է, որ Դի Կապրիոյի մարմնավորած հերոսը լինելու է Ռիք Դալթոնը, իսկ Բրեդ Փիթինը՝ Քլիֆ Բութը:

Հայտնի է, որ ռեժիսորը նախկին կինոնախագծերի շրջանակում համագործակցել էր և՛ Դի Կապրիոյի, և՛ Փիթի հետ:

«Ես այս սցենարի վրա աշխատել եմ 5 տարի»,-պատմել է Տարանտինոն՝ ընդգծելով, որ իր համար անչափ կարևոր է այս պատմության մասին ֆիլմ նկարահանելը:

Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Մենսոնի հետևորդների կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթի մահվան 50-րդ տարելիցի օրը:

 

 

Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն կնկարահանվեն Տարանտինոյի նոր ֆիլմում