Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին 7 մարդ է զոհվել բախումների հետևանքով
Յոթ մարդ է զոհվել Կոլումբիայի հետ սահմանին Վենեսուելայի անվտանգության ուժերի հետ զինված բախման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բախման հետևանքով զոհվել է զինված խմբավորումներից յոթ կոլումբացի՝ հինգ տղամարդ և երկու կին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վենեսուելայի քաղաքային գյուղատնտեսության նախարար Ֆրեդի Բերնալը:
Բախումը տեղի է ունեցել անցած երեքշաբթի, Տաչիրա նահանգի Ուրենյա քաղաքի շրջակայքում: Անվտանգության ուժերն առգրավել են հրազեն, նռնակ, երեք ավտոմեքենա և երեք մոտոցիկլետ:
Վենեսուելայի և Կոլումբիայի միջև սահմանով մաքսանենգները և թմրանյութերի մաֆիայի ներկայացուցիչները տեղափոխում են իրենց ապրանքները՝ շրջանցելով անցակետերը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս մեղադրել է կոլումբական հանցավոր խմբերին երկրի տնտեսությանը վնասելու համար:










