Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ
Ազգային ժողովը կողմ քվեարկեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությանը:
Քվեարկության արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, 64 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 27-ը՝ դեմ:
Հրայր Թովմասյանը պաշտոնը ստանձնեց՝ ԱԺ ամբիոնից երդվելով. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ և հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը»:
Իսկ մինչ այդ, նա նշեց, որ շնորհակալ է վստահության համար: «27 դեմ ձայները ես դիտարկում եմ այնպես, որ մարդիկ չէին ուզում, որ ես ԱԺ-ից գնամ, շնորհակալ եմ: Ես ձեզ կկարոտեմ»:
Նշենք, որ փետրվարի 1-ից դադարել են Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի լիազորությունները, և նրա փոխարեն Ազգային ժողովը նոր անդամի պետք է նշանակի:
Հրայր Թովմասյանը հրաժարվել էր նաև խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի Գևորգ Կոստանյանը:










