«Կնքահայրը». The Guardian-ի ընթերցողները որոշել են բոլոր ժամանակների լավագույն օսկարակիր ֆիլմը
Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ «Oսկար»-ին, մնացել են հաշված օրեր: Շուտով աշխարհի կինոսերները կիմանան` ինչ նոր անուններով են համալրվելու ամենակարևոր համարվող «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում հաղթածների շարքերը:
«Օսկար»-ին ընդառաջ բրիտանական The Guardian պարբերականը քվեարկություն է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու համար՝ որն է բոլոր ժամանակների լավագույն օսկարակիր ֆիլմը:
Կինոսերների քվեարկության արդյունքում կազմվել է բոլոր ժամանակների լավագույն օսկարակիր ֆիլմերի 10-յակը, որը գլխավորել է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի 1973թ. նկարահանած «Կնքահայրը» ֆիլմը: Մաֆիայի մասին Հոլիվուդի «ծանրքաշայիններ» Մառլոն Բրանդոյի (Վիտո Կոռլեոնե) և Ալ Պաչինոյի (Մայքլ Կոռլեոնե) մասնակցությամբ ֆիլմի օգտին քվեարկել է ընթերցողների 32%-ը:

«Կնքահորը» հաջորդել է 1942թ. ռեժիսոր Մայքլ Քերթիսի նկարահանած «Կասաբլանկա» ֆիլմը: Դրանում գլխավոր դերակատարներն են Համֆրի Բոգարտն ու Ինգրիդ Բերգմանը: Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, Ֆրանսիայից փախած գաղթականների ճակատագրերը, որոնք հաստատվում էին Մարոկկոյի մոտ գտնվող Կասաբլանկա քաղաքում, իսկ հետո տարբեր ձևերով փախչում Ամերիկա: Այս ֆիլմի օգտին է քվեարկել ընթերցողների 16%-ը:

Լավագույն եռյակը եզրափակում է Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որը նկարահանվել է 1976թ.՝ Միլոշ Ֆորմանի կողմից: Ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ ՄակՄյորֆիի մասին է, որն ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու սահմանած կանոնների դեմ և ցանկանում է, այսպես ասած, «հեղափոխություն» մտցնել հիվանդների կյանքում։ Այս ֆիլմի օգտին է քվեարկել ընթերցողների 15%-ը:

Լավագույն 10-յակում տեղ գտած մյուս ֆիլմերն են՝ «Շինդլերի ցուցակը», «Սա ծերերի վայր չէ», «Լուսնի լույս», «Բնակարանը», «Նավահանգստում», «Ռեբեկա», «Էնի Հոլ»:











