Սաուդյան Արաբիայում 30 տարվա արգելքից հետո սկսվել է կինոթատրոններին արտոնագրերի տրամադրումը

12:43 • 02.03.18

Սաուդյան Արաբիայի մշակույթի և տեղեկատվության նախարարությունը սկսել է երկրում կինոթատրոնների վերագործարկման համար անհրաժեշտ արտոնագրերի տրամադրման գործընթացը, գրում է РИА Новости գործակալությունը:

Սաուդյան Արաբիայում մեծ էկրաններին ֆիլմերի ցուցադրման արգելքը գործել է շուրջ 30 տարի և գործնականում կվերացվի արդեն այս ամիս:

Մինչ այդ 1980-ականներից ի վեր երկրում փակ են եղել բոլոր կինոթատրոնները, իսկ սաուդացիները ֆիլմեր դիտելու համար սովորաբար մեկնել են հարևան Բահրեյն:

Ինչպես հաղորդել են նախարարության պաշտոնական կայքում՝ ներկա փուլում ավարտվել է կինոթատրոնների աշխատանքի վերսկսման համար պահանջվող պայմանների ձևակերպումը, և արտոնագրերի տրամադրման գործընթացն այլևս սկսված է:


Սպասվում է, որ արդեն 2030թ.-ին Սաուդյան Արաբիայում կգործի կինոթատրոնների ավելի քան 300 ցանց, որոնք ֆիլմեր կցուցադրեն շուրջ 2000 էկրաններից: Ֆիլմերը կենթարկվեն պետական գրաքննության՝ երկրի բարոյական նորմերը չխախտելու համար:

Սաուդյան Արաբիայում 30 տարվա արգելքից հետո սկսվել է կինոթատրոններին արտոնագրերի տրամադրումը