Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է Նեթանյահուին կոռուպցիոն գործի շրջանակում
Իսրայելի ոստիկանությունն ուրբաթ կոռուպցիոն գործի շրջանակում առաջին անգամ հարցաքննել է վարչապետ Բինյամին Նեթանյահուին, հայտնում է Reuters գործակալությունը:
Ոստիկանությունը պնդում է, որ երկրի ամենախոշոր Bezeq Telecom հեռահաղորդակցային ընկերության սեփականատերերը դրական լուսաբանում են ապահովել Նեթանյահուի և նրա կնոջ համար իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվական կայքում՝ դրա դիմաց արտոնություններ ստանալով:
Նեթանյահուն, ով արդեն ներգրավված է որպես կասկածյալ ևս երկու կոռուպցիոն գործերում, հերքում է մեղադրանքները:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունն այցելել է Նեթանյահուի նստավայր:
Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետ Բինյամին Նեթանյահուի նախկին մամուլի քարտուղար, խորհրդական Նիր Հեֆեցին, ինչպես նաև կապի նախկին նախարար Շլոմո Ֆիլբերին և երկրում ամենախոշոր՝ Bezeq հեռահաղորդակցային ընկերության սեփականատեր Շաուլ Էլովիչին:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն որպես կասկածյալ է ներգրավված «գործ 1000» և «գործ 2000» կոչվող երկու գործի շրջանակում:
Իրավապահ մարմինները գործերից մեկով հետաքննում են վարչապետի կողմից գործարարներից ավելի քան 280 հազար դոլարի թանկարժեք նվերներ ստանալու հանգամանքը:
Երկրորդ գործը կապված է Իսրայելի վարչապետի փորձերի հետ՝ պայմանավորվել երկրում ամենախոշոր թերթերից «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ՝ կառավարության գործունեությունը բարենպաստ կերպով լուսաբանելու համար: Ոստիկանության վարկածով՝ դրա դիմաց Նեթանյահուն առաջարկում էր ընդունել օրենք, որը կսահմանափակեր թերթի հրմնական մրցակցի՝ «Իսրայել Հայոմի» հնարավորությունները:










