Մերկելն ու Թրամփն անհանգստություն են հայտնել նոր հրթիռների մասին Պուտինի հայտարարության առնչությամբ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, որի ընթացքում նա հայտարարել էր ՌԴ-ում սպառազինության նորագույն համակարգեր ստեղծելու մասին: Այդ մասին ասված է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի հայտարարությունում, հայտնում է interfax.ru-ն:
«Գերմանիայի կանցլերը և ԱՄՆ նախագահը մտահոգված են սպառազինության համակարգերի ոլորտում աշխատանքների մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Այդ համակարգերը բացասական ազդեցություն կունենան սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ոլորտում միջազգային հանրության ջանքերի վրա»,- նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում նախագահ Պուտինը ներկայացրել էր միջուկային էներգահամակարգով հրթիռ, որն անխոցելի է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ունի հիպերձայնային զենքեր՝ «Ավանգարդ» և «Կինժալ» համալիրներ, ինչպես նաև միջուկային ինքնակառավարվող սուզանավեր, մարտական լազերներ, բացի այդ՝ սկսվել են նոր միջմայրցամաքային բալիստիկ «Սարմատ» հրթիռների փորձարկումները:










