Նազարբաևի դուստրը չի կատարել հոր պահանջը և ռուսերեն է խոսել

10:46 • 02.03.18

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաևան լիագումար նիստի ժամանակ երկրի բանկային ոլորտի վիճակի վերաբերյալ պատգամավորական հարցն ընթերցել է ռուսերենով և կոչ է արել երկրում լեզվական հարցերում թույլ չտալ ծայրահեղություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Լրագրողների հարցին, թե ինչու է նա հարցը ռուսերեն կարդացել, այլ ոչ ղազախերեն, ինչպես դա պահանջել էր երկրի նախագահը՝ նրա հայր Նուրսուլթան Նազարբաևը, նա պատասխանել է, որ խոսել է այն լեզվով, որով իրեն հարմար էր:


«Մենք բոլորս փորձում ենք կատարել նախագահի հանձնարարականները: Ոչ մեկ դեռ չի չեղարկել ռուսերենը, դա հավանաբար չի էլ լինի: Պետք է հարգել նաև այլ բնակիչներին, այդ պատճառով ես կարծում եմ, որ չի կարելի այդ հարցերում ծայրահեղությունների գնալ: Ազգամիջյան համաձայնությունը և բարեկամությունը ոչ մեկ չի չեղարկել: Լեզուները, որոնք աշխատում են մեր երկրի տարածքում, այդ թվում և գործում են պետական մարմիններում, այսօրվա դրությամբ ամրագրված են երկրի սահմանադրությամբ»,- ընդգծել է Նազարբաևան:


Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի տեղեկատվության և կապի նախարար Դաուրեն Աբաևի հետ հանդիպման ժամանակ կարգադրել է խորհրդարանին և կառավարությանն անցնել ղազախերենի:


Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է լատինական գրի վրա հիմնված ղազախական այբուբենի նոր տարբերակը: