«Օսկար-2017»-ի սկանդալի մեղավորները կրկին կշնորհեն տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակը
Ամերիկացի դերասաններ Ուորեն Բիթին ու Ֆեյ Դանաուեյը, որոնք «Օսկար-2017»-ի ժամանակ լավագույն ֆիլմի համար մրցանակի պատճառով հայտնվել էին սկանդալի կենտրոնում, կրկին կներկայացնեն կինոմրցանակի գլխավոր դափնեկրին: Այս մասին հայտնում է TMZ-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասանները ներկայացել են ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի «Դոլբի» թատրոնում անցկացվող մրցանակաբաշխության փորձին, որտեղ նրանց խնդրել են մի քանի անգամ կրկնել իրենց ելույթը:
Անցած տարվա մրցանակաբաշխության ժամանակ Բիթին ու Դանաուեյը ստացել էին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթողի անունով քարտը, երբ պետք է հայտարարեին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթողին: Տարվա դերասանուհի էր ճանաչվել Էմմա Սթոունը, որը նկարահանվել է «Լա Լա Լենդ» մյուզիքլում, և հաղորդավարները հաղթող էին հայտարարել «Լա Լա Լենդ»-ը, այնինչ երբ ակադեմիայի անդամների ձայների մեծամասնությունը տրվել էր ռեժիսոր Բարի Ջենքինսի «Լուսնի լույս» ֆիլմին:
Նշվում է, որ «Օսկար-2018»-ի հաղթողներին կհայտարարեն մարտի 4-ին։










