Կադիրովն առաջարկել է Պուտինի ներկայացրած նոր միջուկային հրթիռը «Պալմիրա» անվանել

15:29 • 02.03.18

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին հղած երեկվա ուղերձի շրջանակում ներկայացրած միջուկային սպառազինության նոր տեսակը, առաջարկել է նորագույն թևավոր հրթիռը «Պալմիրա» անվանել՝ ի պատիվ Սիրիայում զոհված ռուս զինծառայողների:

«Պալմիրա քաղաքի անվան թարգմանություններից մեկը «հրաշք» է: Ռուսաստանի հաղթանակը Պալմիրայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում բեկումնային պահ դարձավ: Եվ բացի այդ, մեր նախագահը ծնունդով Սանկտ Պետերբուրգից է, իսկ այդ քաղաքն անվանում են «Հյուսիսային Պալմիրա»: Իմ կարծիքով՝ հրթիռի համար «Պալմիրա» անունն իր մեջ է ամփոփում չարիքի դեմ ինքնազոհաբար պայքարած բոլորի անունները»,-գրել է Կադիրովն իր Թելեգրամ-ալիքում:

Հիշեցնենք, որ Պուտինը երեկվա ուղերձի շրջանակում ներկայացրել էր միջուկային էներգահամակարգով հրթիռ, որն անխոցելի է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Բացի այդ, այն կարող է ուզածի չափ մանևրել:

Զենքը դեռևս անվանում չունի, ուստի՝ Պուտինն առաջարկել է բոլոր ցանկացողներին հրթիռի համար անուն ընտրել: