Պանարմենիան մեդիա դպրոցի երկրորդ սերնդի շրջանավարտները դիպլոմներ ստացան. կբացվի ևս երեք նոր խումբ

18:05 • 02.03.18

Այսօր տեղի ունեցավ Պանարմենիան մեդիա դպրոցի երկրորդ սերնդի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի տնօրեն Նաիրա Իսահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագիծը սկսվել է 2016 թվականին, ունեն երեք սերունդ, և այսօր երկրորդ սերունդն է ավարտում:

«Նախագիծը ստացվել է, և հենց այդ պատճառով մենք բացում ենք երեք նոր խումբ. մեկը հեռուստատեսային դիմահարդարումն է, երկրորդ խումբը մեդիակոմերցիան է, որը նոր, հետաքրքիր, ժամանակակից ուղղություն է, դա թվային մարքեթինգն է, մեդիապլանավորումն է՝ կապված է հեռուստատեսային գովազդի զարգացման հետ, և երրորդը վոկալի խումբն է»,-ասաց նա:

Դպրոցի տնօրենը նշեց, որ այս պահին 120 հոգանոց երկու խմբից 25-ից ավելի ուսանողներ աշխատում են «Պանարմենիան Մեդիա Գրուպում»:

«Ես չեմ էլ հասցնում գրանցել, մեր շարքերն անընդհատ ավելանում են»,-ասաց նա և նշեց, որ դպրոցի շրջանավարտներն աշխատանքի են անցնում նաև այլ հեռուստատեսություններում:

«Իրենք շատ պրոֆեսիոնալ գիտելիքներ են ստացել, քանի որ դասավանդում են մեդիաշուկայի լավագույն մասնագետները»,-ասաց նա և նշեց, որ օգոստոսին չորրորդ սերունդն են ընդունելու:

«Արմենիա» հ/ը լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, իր խոսքն ուղելով շրջանավարտներին, նշեց, որ այս պահից նրանք դառնում են մրցակիցներ:

«Դուք ինքներդ ձեր մեջ մրցակիցներ եք և մեր մրցակիցներն եք, քանի որ մտնում եք ազատ շուկայական հարաբերություններ, և յուրաքանչյուրը պետք է կարողանա հաղթահարել իր ճանապարհը»,-ասաց նա:

Նշենք, որ դպրոցի շրջանավարտներն առաջիկա երկու ամսում «Պանարմենիան Մեդիա Գրուպում» կանցնեն պրակտիկա:

«Առաջիկա երկու ամսվա ընթացքում նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել պրակտիկայի դաժան ուղին, գուցե կկարողանան աշխատանք գտնել այստեղ, եթե ոչ այստեղ, ապա մեկ ուրիշ տեղ: Ամեն դեպքում ես համոզված եմ, որ բոլորդ հրաշալի անձնավորություններ եք»,-ասաց Գնել Նալբանդյանը:

Պանարմենիան մեդիա դպրոցի շրջանավարտ Սուրեն Սուքիասյանը սովորել է հաղորդավարների խմբում և արդեն աշխատանքի է անցել armsport.am -ում: «Դպրոցն այն հարթակն է, որ ոչ միայն երիտասարդները, այլ նաև մեծահասակները կարող են գալ ու հետո գնալ իրենց երազանքի հետևից: Այն փորձը, որն այստեղ եմ ձեռք բերել, իրոք աշխատանքի մեջ շատ է պետք գալիս»,-ասաց նա:

Մեկ այլ շրջանավարտ՝ Ռուբեն Եսայանը, նշեց, որ կարելի է ասել, որ պատահական է ընդունվել դպրոց: «Սովորել եմ հաղորդավարության բաժնում, այդ ընթացքում զարգացրել եմ գիտելիքներս, այնուհետև սկսել եմ աշխատել «Սթենդափ» հումորային նախագծում որպես սցենարիստ, նաև որպես սթենդափեր»,-ասաց նա:

Նա նշեց, որ թեև դպրոցը շատ գիտելիքներ է տվել, բայց չպետք է սահմանափակվել այդ գիտելիքներով։ «Պետք է նաև ակտիվ լինել, պետք է չամաչել դռներ ծեծելուց, գնալ ու դիմել տարբեր մարդկանց, ներկայացնել քո մտքերը: Եթե ես այդ ամենը չանեի, հիմա չէի ունենա այն, ինչն ունեմ»,-ասաց նա:

Դպրոցի շրջանավարտ Նարեկ Խաչատրյանը նշեց, որ դպրոցը նախ իրեն տվել է գիտելիք, երկրորդը՝ լավ ընկերներ, ծանոթներ: «Մինչ դպրոց գալը ես զբաղվում էի դիզայնով. ընդունվեցի մոնտաժի կուրս, հետո անցա աշխատանքի՝ որպես դիզայներ»,-ասաց նա:

Նշենք, որ «Մեդիա կոմերցիա» դասընթացի շրջանակում մասնակիցները.

- կսովորեն ինչպես պլանավորել և բաշխել գովազդային բյուջեն տարատեսակ լրատվամիջոցների (հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, սոցցանցեր և այլն) միջև առավելագույն արդյունք ապահովելու համար,

- կքննարկեն մարքեթինգային (գովազդային, PR, թվային և SMM արշավների) խնդիրներն ու նպատակները, գնահատման չափանիշները, ավանդական և նոր մեդիաների հնարավորությունները, առանձնահատկությունները, առավելություններն ու թերությունները, մեդիա վաճառքների տարբերակները և պայմանները,

-կբացահայտեն, թե ինչով է PR-ը տարբերվում գովազդից: Կներկայացվեն PR-ի տեսակները, կիրառվող տեխնոլոգիաները, գործիքները և հաջող ռազմավարություն կազմելու գաղտնիքները:

- կծանոթանան դիջիթալ մեդիա գովազդի տարատեսակներին և տարբերություններին, վաճառքի մոդելներին, օգտագործվող գործիքներին և կայքերի մոնետիզացիային:

- կբացահայտեն թվային մարքեթինգի գործիքներն ու առանձնահատկությունները, մարքեթինգային արշավների մշակման և իրականացման գործընթացները,

- կծանոթանան SMM մասնագետի հմտություններին՝ ինչպես Facebook-ում արդյունավետ հրապարակումներ անել, Instagram-ում 3K+ հետևորդներ ունենալ և Twitter-ում արդյունավետ «ծլվլալ»: