«Եկել ենք մասնակցելու հայոց սահմանադրականության հուղարկավորությանը». ակցիա՝ ԱԺ-ի դիմաց
«Ոչ հակասահմանադրական խեղաթյուրմանը» գրությամբ պաստառներով մի քանի տասնյակ մարդ այսօր ԱԺ-ի դիմաց ակցիա էր իրականացնում: Tert.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները պնդեցին, թե իշխանությունը ՀՀ 4-րդ նախագահին ընտրում է ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը, խախտելով: Ակցիայի կազմակերպիչ, ԱԻՄ նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ իշխանությունը կեղծիքով է անցկացրել սահմանադրական փոփոխությունները, սակայն շեշտեց, որ նույնիսկ իրենց անցկացրած Սահմանադրությունը չեն ընդունում:
«Եկել ենք մասնակցելու հայոց սահմանադրականության հուղարկավորությանը, այսինքն՝ հիմա ԱԺ-ի պատերի ներսում սպանում են «սահմանադրականութուն» ինստիտուտը, և դա մենք հիմա արձանագրում ենք: Իրենց գրած Սահմանադրության մեջ էլ նշված է, որ նոր Սահմանադրությունը ուժի մեջ է մտնում նախագահի ընտրությունից հետո, այսինքն՝ այս փուլում հանրապետության նախագահին պետք է ընտրի ժողովուրդը»,-ասաց նա:
Սարուխանյանն ասաց, որ մինչ այս իրենք տարբեր ակցիաներ են իրականացրել, իսկ այսօր կրկին հասարակությանն արթնացնելու փորձ են անում: «Արթնացուցիչ փորձ ենք անում, որ վաղը կամ մյուս օրն իրական Հայաստանի մահվան սուգը չլացենք, իսկ այսօր Սահմանադրության սուգն ենք անում, որը գրեթե նույն բանն է»:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյան էլ, համաձայնելով ակցիայի մասնակցի հետ, շեշտեց, թե այս իշխանությունները երբեք իրենց գործելաոճը չեն փոխելու: Նա կարծում է, որ այս ժողովուրդը պետք է փոխի իշխանություններին:
«Այսօր ՀՀ-ում բռնապետական ու հանցագործ ռեժիմ է, որի մասին բոլորը գիտեն: Այսօրվա հանցագործ իշխանությունը, որը, կաշառք բաժանելով, եկել է իշխանության, նույն անօրինական իշխանությունն անօրինական կարգով նախագահ է նշանակում: Հոկտեմբերի 27-ին գլխատեցին ՀՀ-ն, «Մարտի 1»-ին թաղեցին, քանի որ սպանեցին ՀՀ քաղաքացուն»,- ընդգծեց Վալոդյա Ավետիսյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ մի օր ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի վերջնական պայքար մղելու:












