Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հարսանիքին ավելի քան 2.500 շարքային բրիտանացի է հրավիրվել

14:59 • 02.03.18

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, երկրի 2.640 շարքային բնակչի են հրավիրել իրենց հարսանիքին, որը կկայանա մայիսի 19-ին, Վինձոր ամրոցում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ Քենսինգթոնյան պալատին հղումով:

Նշվում է, որ պսակադրությունը տեղի կունենա Սուրբ Գևորգի մատուռում. արարողությանը ներկա կլինեն զույգի բարեկամներն ու ընկերները, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամները, ինչպես նաև՝ պաշտոնատար անձինք:

Պսակադրությունից հետո նորապսակները կառքով կանցնեն Վինձորի կենտրոնով՝ հնարավորություն տալով մարդկանց ներկա լինել տոնին:

Աղբյուրը մանրամասնում է, որ հարս ու փեսայի և հյուրերի ժամանմանը եկեղեցի և Վինձոր ամրոցից կառքով դուրս գալու արարողությանը հետևելու հնարավորություն կստանան 1.200 երիտասարդներ, որոնք առաջնորդական հատկանիշներ են ցուցաբերել տարբեր ոլորտներում, տարբեր բարեգործական կազմակերպությունների 200 ներկայացուցիչներ, դպրոցների 100 աշակերտներ և թագավորական պալատների ավելի քան 1000 աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարին, որը գահի ժառանգորդների թվում 5-րդն է, պատրաստվում է գարնանը հրաժեշտ տալ չամուսնացած տղամարդու կարգավիճակին ու կյանքը կապել ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հետ:

Զույգը հայտարարել էր, որ արդեն ստացել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի օրհնությունն ու նշանադրվել է: Նշվում է, որ 93-ամյա միապետը թոռանն ամուսնանալու թույլտվությունը տվել է իր պսակադրության 70-րդ տարեդարձը նշելուց մեկ շաբաթ հետո: