Արմեն Սարգսյանի ընտրությունները «նազարբաևյան» ընտրություններ էին. Արամ Սարգսյան (տեսանյութ)

14:36 • 02.03.18

Արմեն Սարգսյանն անհատ է, որն անցած ուղի ունի: Բացի պատասխաններից, կարևոր եմ համարում մարդու պահվածքը, այն, թե ինչպես է իրեն պահում, իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Սակայն ընդհանուր տպավորությունից Սարգսյանը դժգոհ է, ավելին՝ կարծում է, որ նման ընտրությունը պատիվ չի բերում նախ Արմեն Սարգսյանին:

«Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետև հիշեցնում էր սովետական ժամանակները: Արևմտյան արժեքներ կրող Արմեն Սարգսյանի համար «նազարբաևյան» ընտրությունը բացարձակ ձեռնտու չէ: Իմ կարծիքով՝ «ԵԼՔ» դաշինքի՝ դեմ քվեարկությունները շատ ավելի ձեռնտու պետք է լինեն Արմեն Սարգսյանի համար, քան այս կոմունիստական ոճի, 100%-անոց կողմերը»,- ասաց Սարգսյանը:

Պատգամավորը շեշտեց, որ Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի իր քաղաքացիության լեգիտիմությունն ապացուցող, 2011 թվականի դեկտեմբերի 2-ի փաստաթուղթը: Նա նշեց նաև, որ ինքն անձամբ շատ կցանկանար, որ ՀՀ 4-րդ նախագահը ներկայացներ անհրաժեշտ փաստաթղթերը:

«Փաստաթղթեր ներկայացնելը ոչ միայն Արմեն Սարգսյանին է պետք, այլև այս երկրին է պետք, որ չլինի՝ իսկապես «թուղթ ու գիր» արած երկիր ենք: Ի՞նչ է, մեր բոլոր նախագահները պիտի ոչ լեգիտիմ լինե՞ն»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, թե  համապատասխան փաստաթուղթը Բրիտանիայի կառավարությունից վերցնելն այնքան էլ բարդ չէ:

Արամ Սարգսյանը կարծում է, որ լուրջ և բարոյական խնդիր է այն, որ ՀՀ 4-րդ նախագահը ժամանակին հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Նա մեղադրեց ՀՀԿ-ին՝ Արմեն Սարգսյանին  պախարակելու համար:

Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ նորընտիր նախագահն ամենից առաջ պետք է իր քաղաքացիության մասին փաստաթուղթը բերի, հակառակ դեպքում՝ նրան անընդհատ հիշեցնելու են, որ լեգիտիմ չէ:

 

ՀեղինակԱնի Օհանյան