Շոտլանդիայում բժշկուհին 3 ժամ քայլել է առատ ձյան պայմաններում՝ հիվանդին հասնելու համար

21:10 • 02.03.18

Շոտլանդացի վիրաբույժը ոտքով 13 կմ է անցել, որպեսզի հասնի հիվանդանոց՝ քաղցկեղով հիվանդին վիրահատելու համար:

Ինչպես հաղորդում է The Scotsman պարբերականը, Էննիսլենդից  Փեյսլի հասնելու համար բժշկուհին քայլել է 2 ժամ 50 րոպե: «Ես տեսա, թե ինչպես նա ներս մտավ: Նա լեռնադահուկորդի ակնոցով և քայլելու համար նախատեսված փայտիկներով էր: Այսօր նա պետք է վիրահատեր աղիքի քաղցկեղով հիվանդի, այդ պատճառով էլ եկել է այստեղ», - ասել է նրա գործընկեր Էնդի Ռենվիկը:

Նա չի նշել բժշկուհու անունը, քանի որ նրա խոսքով՝ վերջինս կտխրի, եթե իր անունը հրապարակվի այն բանի համար, որ կատարել է իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայում և Անգլիայում անոմալ ցրտերի պատճառով նախօրեին տագնապի կարմիր աստիճան էր հայտարարվել: Դպրոցներն ու բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են աշխատանքը՝ պայմանավորված երթևեկության կաթվածահար իրավիճակով: Գլազգոյի օդանավակայանը ևս փակ է: