Դա լուրջ խաղացողի պահվածք չէր. ԱՄՆ Պետդեպն արձագանքել է Պուտինի երեկվա ելույթին, միջուկային նոր զենքերի ցուցադրությանը

10:31 • 02.03.18

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտի մեկին Դաշնային խորհրդին ուղղված ելույթը, որի շրջանակում նա ցուցադրել էր ռուսական արտադրության նորագույն միջուկային սպառազինության տեսակները:

Ինչպես նշում է Reuters-ը, պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ երեկվա ելույթով Պուտինն ապացուցեց, որ Ռուսաստանը խախտել է Գործողության միջին և կարճ շառավղով հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները:

Բացի այդ, Նոյերթը քննադատել է ելույթի ընթացքում ցուցադրված անիմացիոն պատկերները, որոնք, ըստ ամենայնի, ներկայացնում էին ԱՄՆ-ի դեմ հարձակումը:

«Իհարկե, տհաճ էր դիտել այդ անիմացիան, որը պատկերում էր միջուկային հարձակում Միացյալ Նահանգների դեմ: Մենք դա չենք ընդունում որպես պատասխանատու միջազգային խաղացողի պահվածք»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը:

Հիշեցնենք, որ երեկ Պուտինը ցուցադրել է միջուկային էներգահամակարգով նոր հրթիռներ, որոնք անխոցելի են հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար ու կարող են ուզածի չափ մանևրել:

Ելույթի ընթացքում ՌԴ ղեկավարը ներկայացրել էր նաև «Սարմատ» նորագույն բալիստիկ հրթիռի փորձարկման առաջին կադրերը:

«Ոչ մի՝ նույնիսկ ամենահեռանկարային հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն կարող արգելք հանդիսանալ ռուսական «Սարմատ» հրթիռային համալիրի համար»,-ընդգծել է Պուտինը:

«Սարմատ»-ը նախատեսված է ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կրելու համար: Ըստ որոշ աղբյուրների՝ դրա գործողության շառավիղը մոտ 16.000 կմ է: