Հարավային Կորեայում կկրճատվի աշխատանքային շաբաթը՝ ծնելիությունը խրախուսելու համար
Հարավային Կորեայի Ազգային ժողովը նոր օրինագիծ է ընդունել, որի համաձայն աշխատանքային շաբաթը կկրճատվի 68 ժամից մինչև 52 ժամ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պլանավորվում է, որ նոր օրենքը կնպաստի երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ աշխատանքային շաբաթը բաղկացած կլինի 40 ժամ հիմնական և 12 ժամ արտաժամյա աշխատանքից, ընդ որում՝ 18 տարեկանը չլրացած անձինք կկարողանան աշխատել շաբաթական 35 ժամ՝ 40-ի փոխարեն:
Հարավային Կորեայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի փորձագետների գնահատականի համաձայն՝ նոր օրենքի հետևանքով գործատուները կկորցնեն տարեկան 11 մլրդ դոլար:
Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսին և կկիրառվի առաջին հերթին մեծ ընկերություններում, այնուհետև նաև՝ փոքր ձեռնարկություններում:
Աշխատանքային ժամերի կրճատման նախաձեռնությամբ հանդես է եկել նախագահ Մուն Չժե Ինը. տարեսկզբին նա բարձրացրել է նվազագույն աշխատավարձը 16 տոկոսով:










