Կտրականապես հերքում եմ, որ հակառակորդը խոցել է հայկական անօդաչու թռչող սարք. Արծրուն Հովհաննիսյան
Երբ իրավիճակը մի քիչ հանգիստ է լինում, Ադրբեջանը հորինում է խոցված ԱԹՍ-եր, «հայկական դիվերսիոն» խմբեր, և այլն, և այլն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ կտրականապես հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական զինված ուժերին պատկանող «X-55» անօդաչու թռչող սարքը, որը թռիչք էր իրականացրել Աղդամի ուղղությամբ:
«Հենց մի քիչ հանգիստ է լինում, իրենք ինչ ասես հորինում են. խոցված ԱԹՍ-եր, «հայկական դիվերսիոն» խմբեր»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը` ի պատասխան հարցի, թե ինչու է հակառակորդը նման ապատեղեկատվություն տարածում:
«Ինչու՝ չեմ կարող ասել, ով կարող է ասել՝ ադրբեջանական քարոզչությունը ինչու է այս կամ այն բանն անում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:










