ԱՄՆ-ն ծրագրում է ՌԴ սահմանների մոտ տեղակայել ՀՀՊ համակարգի 400 հրթիռ. ՌԴ պաշտպանության փոխնախարար
ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է ՌԴ սահմանների մոտ տեղակայել ընդհանուր առմամբ հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի 400 հրթիռ։
«Այժմ հակահրթիռային պաշտպանության օղակով Ռուսաստանը «շրջափակման» մեջ առնելու աշխատանք է ընթանում»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ ՀՀՊ համակարգեր կան Ռումինիայում, Բալթյան երկրներում, տեղակայման աշխատանքն ավարտվում է նաև Լեհաստանում։ Հետագայում ամերիկյան ՀՀՊ համակարգեր կտեղակայվեն Հրվ. Կորեայում և Ճապոնիայում։ Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում ավելացնում է նաև զինծառայողների թիվը։
«Տարբեր հատվածներում ԱՄՆ-ն ստեղծում է սպառազինության, ռազմատեխնիկայի, հատուկ տեխնիկայի, ռազմամթերքի, պարենի պաշարներ»,- ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ ռազմավարական սխալ են։










