«Գազպրոմ»-ը սկսել է Ուկրաինայի հետ գազի մատակարարման պայմանագրերը խզելու գործընթացը
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտում սկսել է ուկրաինական «Նավթոգազ» ընկերության հետ գազի մատակարարման և տարանցման մասին պայմանագրերի դադարեցման գործընթաց: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը, հայտնում է ТАСС-ը:
«Գազպրոմ»-ը ուրբաթ հայտարարել էր, որ կսկսի պայմանագրերը դադարեցնելու գործընթացը, քանի որ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը անարդարացի որոշում է կայացրել: «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլերի խոսքերով՝ որոշումը զգալիորեն խախտել է շահերի հավասարակշռությունը այդ պայմանագրերում:
Փետրվարի 28-ին Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրել է «Գազպրոմ»-ին ուկրաինական կողմին 4,6 միլիարդ դոլար վճարել տարանցման մասին պայմանագրով գազի ոչ բավականաչափ ծավալներ մատակարարելու համար: Հաշվի առնելով մեկ այլ վեճի վերաբերյալ որոշումը, որի համաձայն «Նավթոգազ»-ը ռուսական ընկերությանը երկու միլիարդ դոլար է պարտք՝ «Գազպրոմ»-ը պետք է ուկրաինական կողմին վճարի 2,56 միլիարդ դոլար:
Մարտի 2-ին «Նավթոգազ»-ը հայտարարել է, որ «Գազպրոմ»-ը հրաժարվել է մարտ ամսվա Ուկրաինային համար գազ մատակարարել և 20 տոկոսով նվազեցրել է համակարգի իր հատվածում գազամուղների ճնշումը: Ուկրաինայում գազի սպառման ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել:










