Զվյագինցևը ֆրանսիական «Օսկար»-ի է արժանացել «Չսեր» ֆիլմի համար
Ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» դրաման արժանացել է Ֆրանսիայի ազգային կինոմրցանակի՝ հեղինակավոր «Օսկար»-ի ֆրանսիական համարժեքը համարվող «Սեզար»-ի՝ ճանաչվելով լավագույն արտասահմանյան ֆիլմ:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ռեժիսորը ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, քանի որ արդեն Լոս Անջելես է մեկնել մարտի 4-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:
Նշվում է, որ «Չսեր»-ը ներկայացված է «Օսկար»-ի «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չսեր»-ն արժանացել է Մեծ Բրիտանիայում խոշորագույնը համարվող Լոնդոնի 71-րդ միջազգային կինոփառատոնի (BFI London Film Festival) «Գրան պրի» մրցանակին:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի շրջանակում: Այնտեղ «Չսեր»-ն արժանացել է ժյուրիի մրցանակին:
Այն պատմում է ժամանակակից մոսկվաբնակ ընտանիքի՝ ամուսինների դժվար բաժանության, նրանց 12-ամյա որդու ծանր ապրումների ու հանկարծակի անհետացման մասին:










