Պուչդեմոնը խոստացել է արտերկրից առաջնորդել Կատալոնիայի կառավարությանն ու անկախության համար պայքարը
Կատալոնիայի՝ արտաքսման մեջ գտնվող առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հարցազրույց է տվել բրիտանական The Guardian պարբերականին՝ պատմելով, որ չնայած վերջ է տվել պաշտոնին վերադառնալու փորձերին, սակայն մտադիր է Բելգիայում գտնվելով հանդերձ՝ առաջնորդել երկրի կառավարությանն ու ինքնավար շրջանի անկախության համար պայքարը:
Պարբերականը հիշեցնում է, որ հարցազրույցի նախօրեին Պուչդեմոնը հայտարարել էր, որ հրաժարվում է նախագահի պաշտոնից, սակայն մտադիր է նորաստեղծ «Հանրապետության խորհրդի» միջոցով համակարգել Կատալոնիայի սեցեսիայի (պետության տարածքային որևէ մասի դուրս գալն այդ երկրի կազմից) հետագա ընթացքը:
«Դա նման է արտաքսման մեջ գտնվող կառավարության, այն ստվերում չէ: Մենք նախընտրում ենք աշխատել ազատ գոտում՝ առանց վախերի ու սպառնալիքների»,-ասել է Պուչդեմոնը՝ մեկնաբանելով «Հանրապետության խորհրդի» հետագա աշխատանքը:
Պուչդեմոնը հայտարարել է, որ կստանձնի խորհրդի նախագահի պաշտոնը, քանի որ այդ իրավասությունը ստացել է նախորդ տարվա դեկտեմբերին Կատալոնիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած անջատողական կուսակցություններից:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Պուչդեմոնի նախաձեռնությամբ անցկացվել էր Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվե, որի ժամանակ կատալոնացիների մեծ մասը կողմ էր քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն ու անկախ պետություն դառնալուն: Մինչդեռ Իսպանիայի կառավարությունը հակասահմանադրական էր ճանաչել հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքները: Դրանից հետո վարչապետ Մարիանո Ռախոյը պաշտոնանկ է արել Պուչդեմոնին ու նրա կառավարությանը՝ պահանջելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:










