Ուկրաինայի գերագույն ռադայի մոտ բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև. ձերբակալվել է 50 մարդ
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ տեղակայված վրանային ճամբարում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ձերբակալվել է 50 մարդ։ Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում ասել է Կիևի ոստիկանության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն։
«Ներկա պահին կա տեղեկություն, որ բժիշկների օգնությանն է դիմել 6 մարդ, տուժել է 4 ոստիկան, ձերբակալվել 50 մարդ»,- ասել է Կրիշչենկոն։
Նրա խոսքով՝ առավոտից ոստիկանությունը, դատարանի որոշման համաձայն, պետք է քննչական գործողություններ անցկացներ վրանային ճամբարում։
«Սկսվեց դիմադրություն»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան՝ հավելելով, որ քննչական գործողություններն անցկացվում են 2 գործի հետաքննության շրջանակում՝ խորհրդարանի մոտ փետրվարի 27-ին տեղի ունեցած դեպքերի փաստով, երբ վնասվածք էր ստացել 14 ոստիկան, և 2017 թվականին Հոկտեմբերյան պալատի մոտ տեղի ունեցած դեպքերի փաստով, երբ նույնպես տուժել էին ոստիկաններ։
«Վրանային ճամբարում ստուգումները շարունակվում են, առգրավվել է մի քանի իր, որոնք նման են նռնակների, նաև հայտնաբերվել են «Մոլոտովյան կոկտեյլներ»,- հավելել է Կրիշչենկոն։










