ԱՄՆ-ն Սիրիայում ահաբեկիչների արգելոց է ստեղծել. ՌԴ ՊՆ

14:13 • 03.03.18

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները սիրիական Էթ Թանֆ բնակավայրի շրջանում ստեղծել է այնպիսի գոտի, որտեղ ահաբեկիչները կարող են վերազինվել ու վերապատրաստվել: Այս մասին փոխնախարարը հայտարարել է «Վեստի» հեռուստաալիքի եթերում:

«Մեզ չի կարող չանհանգստացնել Էթ Թանֆ բնակավայրի շրջանում 55 կմ տրամագծով անվտանգության գոտին, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին՝ Սիրիայի արևմտյան մասում: Այնտեղ, փաստացի, ստեղծվել է ահաբեկիչների համար նախատեսված արգելոց: Նրանք այնտեղ վերազինվում են, նախապատրաստվում ու այդ հարթակից համապատասխան մուտք ու ելք անում: Այդ ամենն իրականացվում է Միացյալ Նահանգների հատուկ ուժերի ու այլ ստորաբաժանումների ղեկավարության ներքո»,-ասել է Ֆոմինը:

Բացի այդ, փոխնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տալիս մարդասիրական օգնություն տանող ավտոշարասյուներին մուտք գործել Ռուկբան փախստականների ճամբար, ինչի հետևանքով տվյալ շրջանում լարված հումանիտար իրավիճակ է ստեղծվել: