Քրդական ուժերը հայտնել են, որ Աֆրինում 59 թուրք զինվոր ու գրոհային է սպանվել
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված միավորումը, որը հիմնականում բաղկացած է Սիրիայում կռվող քրդական խմբավորումներից, հայտարարել է, որ վերջին օրերին սիրիական Աֆրինում 59 թուրք զինվոր ու նրանց աջակցող «Սիրիական ազատ բանակ» խմբավորման գրոհային է սպանել մարտերի ընթացքում, գրում է РИА Новости գործակալությունը:
Քրդական ուժերը հայտնել են, որ վերջին օրերի մարտերում թուրքական ԶՈւ-ի մեծ թվով զինվորներ ու նրանց աջակցող ջիհադական զինյալներ ստացել են վիրավորումներ, քրդական կողմը նաև մեղադրել է Թուրքիային Աֆրինի խաղաղ բնակչությանը հրթիռակոծելու մեջ:
Նշենք, որ օրերս Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր Աֆրինում ևս 8 զոհի մասին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթիին Ջանիքլին, խոսելով Աֆրինում ունեցած կորուստներին, հայտարարել էր, որ թուրքական կողմը գործողության մեկնարկից ի վեր ունի միայն 157 զոհ, որոնցից 37-ը թուրքական ԶՈւ-ի անդամ են, մնացյալը՝ Թուրքիայի աջակցող ընդդիմադիր գրոհայիններ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական զինուժն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո՝ հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:










