Հայաստանը վերածվում է Հյուսիսային Կորեայի, որտեղ անփոխարինելի անհատներ են, որոնք պետք է պաշտոնավարեն հավետ. Արամ Սարգսյան

22:50 • 08.03.18

Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն արտաքին քաղաքական դաշտում ամենևին էլ չի վկայում նրա անփոխարինելիության մասին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով Ս. Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին:

«ՀՀԿ-ը Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունն ու անկրկնելիությունը հիմնավորում է նրա վարած արտաքին քաղաքականությամբ: Ասում են՝ եթե ոչ ինքը, ապա ո՞վ: Խնդիրը հասնում է նրան, որ լրիվ անկեղծ ասում են՝ Կարեն Կարապետյանն ո՞վ է, ի՞նչ կապ ունի արտաքին քաղաքականության հետ: Եվ այս դեպքում ճիշտ են: Այո՛, Սերժ Սարգսյանը կապ ունի արտաքին քաղաքականության հետ, բայց այդ կապի արդյունքում ի՞նչ ունենք»,- նշեց Արամ Սարգսյանը:

Պատգամավորն ասաց, որ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հիմնահարցը լուծողն է, բայց նրա պաշտոնավարման տարիներին Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններն է՛լ ավելի շատացել են, պատերազմի վտանգն արդիական է դարձել: «Ո՞վ է մեղավորը»,- հարց հնչեցրեց նա:

«Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին ի հայտ է եկել, որ մենք պաշտպանվում ենք 90-ականների զենք-զինամթերքով: Այստեղ ո՞վ է մեղավոր: Որտե՞ղ է այստեղ Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը: Այն, ինչ իրենք որպես հաղթաթուղթ են ներկայացնում, իրական, գոյություն ունեցող ճշմարտության մեջ սպառնալիք է, բանը հասել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները Երևանի կամ Զանգեզուրի ուղղությամբ հայտարարություններ են անում»,- մանրամասնեց Արամ Սարգսյանը:

Տնտեսությունը ակտիվ պահելու համար էլ, ըստ պատգամավորի, Հայաստանն արտաքին վարկեր է շարունակում վերցնել, որովհետև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք «մտել ենք մի տնտեսական ընկերակցության մեջ, որի վրա պատժամիջոցներ են սահմանվել, դրանք օր օրի խստացվում են»: Ավելին՝ Արամ Սարգսյանի խոսքով՝ այդ նույն միության անդամները միմյանց վրա են սահմանափակումներ կիրառում:

«Ռուսաստանը Բելառուսի կաթնամթերքի վրա արգելք է դնում, Ղազախստանին պարտադրում է իր ավելի թանկ ու ավելի վատ կաթնամթերքը գնել: Սա քաղաքական նպատակներով ստեղծված միություն է, հետապնդում է ՌԴ շահերի սպասարկումը: Այդ պետության 10-րդ ժամկետ իշխանության գնացող նախագահը, ով արդեն Բրեժնևից ավելի երկար պետք է պաշտոնավարի, իր հաղթաթուղթը համարում է միջուկային զենքը: Մենք վերածվում ենք Հյուսիսային Կորեայի, որտեղ անփոխարինելի անհատներ են, որոնք պետք է պաշտոնավարեն հավետ»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:

Այս անփոխարինելիությունը, նրա խոսքով, բացարձակ հաղթաթուղթ չէ, այն վտանգավոր է: