Ամերիկացի սենատորին պաշտոնապես արգելել են գրկախառնվել իր գործընկերների հետ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատի կանոնակարգի գծով հանձնաժողովը ներքին հետաքննությունից հետո պաշտոնապես կոչ է արել սենատոր Բոբ Հերցբերգին դադարել գրկախառնվել իր գործընկերների հետ: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սենատի աշխատակիցների բողոքներից հետո սկսված հետաքննությունը պարզել է, որ Հերցբերգի գործողություններում բացակայում են ոտնձգությունների նշանները: Սակայն հանձնաժողովի հարցաքննած 28 աշխատակիցների մեծամասնությունը հայտնել է, որ սենատորի գրկախառնությունները տհաճ զգացողություններ ու բացասական արձագանք են առաջացրել իրենց մոտ:
Հանձնաժողովը նախազգուշացրել է Հերցբերգին, որ «նրա պահվածքը չի ողջունվում», և բողոքների կրկնվելու դեպքում սպառնացել է խիստ միջոցներ ձեռնարկել նրա նկատմամբ:
Նշվում է, որ սենատորը ներողություն է խնդրել և ընդունել, որ ինքը սխալ է գործել, սակայն հավելել է, որ իր գրկախառնությունների հիմքը բացառապես գործընկերների հանդեպ տածած համամարդկային համակրանքն է եղել:










