Qatar Airways-ը մեծ վնասներ է կրել Քաթարի շուրջ ճգնաժամի պատճառով
Qatar Airways ավիաընկերությունը մեծ վնասներ է կրել ընթացիկ ֆինանսական տարում՝ Քաթարի շուրջ ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով, ինչի հետևանքով ավիաընկերությունը փոխել կամ չեղարկել է մի շարք չվերթներ: Այդ մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կհայտարարենք այս ֆինանսական տարում (որն ավարտվում է այս ամիս) կրած շատ մեծ կորուստների մասին»,- ասել է Աքբար ալ-Բաքերը:
Սպասվում է, որ ընկերությունը կանի այդ հայտարարությունն ապրիլին:
Գործադիր տնօրենի խոսքով՝ ավիաընկերությունը կփնտրի լրացուցիչ ֆինանսավորում, եթե ճգնաժամը շարունակվի:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ և դադարեցրել են երկրի հետ ամեն տեսակի հաղորդակցությունը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու համար։ Որոշմանն ավելի ուշ միացել են մի շարք այլ պետություններ: Նրանք արգելել են քաթարական ավիաընկերության ինքնաթիռներին հատել իրենց երկրների օդային տարածքը և թռիչքներ իրականացնել այդ երկրներ:










